ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. «Պակիստանի մահմեդական լիգա-Նավազ» կուսակցության ներկայացուցիչ Շեհբազ Շարիֆը դարձել է Պակիստանի նոր վարչապետը։ Տեղեկություընը հայտնում է Geo TV հեռուստաալիքը:
«Շեհբազ Շարիֆը 201 ձայնով վարչապետ է ընտրվել։ Օմար Այուբը ստացել է 92 ձայն», - հայտարարել է Ազգային ժողովի խոսնակ Այազ Սադիկը։
Այնուհետև խորհրդարանի ստորին պալատի խոսնակը առաջարկել է Շեհբազ Շարիֆին նստել վարչապետի աթոռին և ելույթ ունենալ ներկայացուցիչների պալատի առջև:
Շեհբազ Շարիֆը 72 տարեկան է և 16 ամիս ղեկավարել է Պակիստանի կոալիցիոն կառավարությունը 2022 թվականին Իմրան Խանի պաշտոնանկությունից հետո մինչև 2023 թվականի օգոստոսին խորհրդարանի լուծարումը՝ հիմք ստեղծելով ազգային ընտրությունների համար: Շեհբազը նախկինում զբաղեցրել է նաև Պակիստանի ամենախիտ բնակեցված նահանգ Փենջաբի գլխավոր նախարարի պաշտոնը և առանցքային դեր է խաղացել ֆինանսական ճգնաժամի կանխարգելման գործում՝ անցյալ տարի գործարք ապահովելով Արժույթի միջազգային հիմնադրամի հետ ֆինանսական օգնության ևս մեկ փաթեթի շուրջ երկարատև բանակցություններից հետո: