ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտնել է, որ ՌԴ գործընկերոջ` Սերգեյ Լավրովի հետ Անթալիայում հանդիպման ժամանակ քննարկել է Կովկասում, Սև ծովում և Սիրիայում տիրող իրավիճակները։
Նախարարները հանդիպել են մարտի 1-ին` Անթալիայում կայացած Դիվանագիտական ֆորումի ժամանակ։
«Օրակարգում շատ հարցեր կային և բացի երկկողմ համագործակցությունից, մենք տարածաշրջանային հարցերն ենք քննարկել։ Հնարավորություն ենք ունեցել քննարկելու Կովկասում խաղաղության գործընթացին (Հայաստանի և Ադրբեջանի միջև – խմբ.) առնչվող հարցեր, քննարկել ենք նաև տարբեր ուղիներով ընթացող գործընթացները` կապված Սև ծովում անվտանգության հարցերի հետ։ Սիրիայի հարցով նույնպես պետք էր քննարկել մի շարք հարցեր։ Դրա համար ավելի շատ ժամանակ է պետք, բայց մեզ հաջողվել է քննարկել այդ թեման, մենք պայմանավորվել ենք ավելի շատ ժամանակ հատկացնել այդ թեմային»,– ասել է Ֆիդանը։
Մարտի 1-ին Հաքան Ֆիդանը հանդիպել է նաև ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին, որի հետ քննարկել երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Հիշեցնենք` Միրզոյանն Անթալիա է մեկնել մարտի 1-ին։ Նա մասնակցել է դիվանագիտական ֆորումին, հանդիպել Քուվեյթի արտաքին գործերի նախարար Աբդալլահ Ալի Ալ-Յահյայի, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ։