Ինչու են ՀՀ իշխանությունները մեղմացրել վարորդների տուգանքները. պարզաբանում են մասնագետները

Տեսանկարահանող սարք
Հասարակական կազմակերպության ներկայացուցիչը կարծում է, որ իշխանությունների իրական նպատակները հայտարարծներին չեն համապատասխանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Հայաստանյան հասարակության մեջ կասկածներ են առաջացել վարորդների տուգանքները մեղմող փոփոխությունների իսկության և գործնական նպատակահարմարության վերաբերյալ։
Նշենք, որ ՀՀ խորհրդարանը «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարեց, համաձայն որոնց մայիսի 1-ից վարորդների տուգանքները 3 ամսով կզեղչվեն։ Ըստ փոփոխության հեղինակների` դրանք միտված են ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանն ու քաղաքացիների` ավելի օրինապահ վարքագծի դրսևորմանը։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ՆԳՆ իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռուսլան Մարանդյանը նշեց, որ այդ փոփոխություններն արվել են հաշվի առնելով նաև որոշ օբյեկտիվ խնդիրներ։
«Երկու տեսակի արտոնություն է նախատեսվում, և առաջին նպատակը վարորդներին էլեկտրոնային ծանուցումներից օգտվելու առթիվ խրախուսելն է։ Երկրորդի դեպքում էլ` տուգանքը սահմանված ժամկետում բարեխղճորեն վճարելը խրախուսելն է, ինչից հետո տուգանքի չափը կնվազի։
«Այսպիսով, առաջին խմբի վարորդների դեպքում, եթե խախտումներն արձանագրվեն տեսալուսանկարահանող սարքերի միջոցով, և վարորդը համաձայնի ծանուցումները ստանալ էլեկտրոնային եղանակով, ապա տուգանքի չափն ավտոմատ կերպով կնվազեցվի 20 %–ով։ Երկրորդ դեպքում էլ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքում նշանակվող տուգանքները 15-օրյա ժամկետում վճարելու դեպքում գումարը կնվազի 30%–ով»,– նշեց Մարդանյանը։
Նա ընդգծեց, որ տրամադրվող զեղչը չի տարածվում պարեկային ծառայությունների կողմից արձանագրված խախտումների վրա. նման դեպքերում տուգանքները դուրսգրվում են անմիջապես դեպքի վայրում:
Առաջարկվող զեղչից օգտվելու համար անհրաժեշտ է մինչև մայիսի 1-ը գրանցում կատարել պաշտոնական պորտալում roadpolice.am, այլընտրանքային հարթակների միջոցով ստացված ծանուցումները հաշվի չեն առնվի:
«Վարորդի ընկեր» ՀԿ–ի ղեկավար Տիգրան Քեյանն էլ ընդգծեց, որ ո՛չ տուգանքի մեղմացումը, ո՛չ էլ տուգանքի խստացումը չեն կարող կարգապահ վարորդ «դաստիարակել»։
«Մենք կունենանք կարգապահ վարորդներ, կարգապահ քաղաքացիներ, եթե ունենանք որակյալ կրթություն։ Սա միակ փաստն է, որ այս իշխանությունը պետք է հասկանա և անի»,– նշեց Քեյանը։
Ինչ վերաբերում է բուն նախագծին, Քեյանը մի հարց բարձրացրեց, որին պատգամավորները նախկինում ուշադրություն չէին դարձնում`մինչև վերջին փոփոխությունները մգեցված ապակիների համար տուգանքները քաղաքացիներից գանձվում էին անօրինական հիմքերով: Դատարանով բազմիցս ապացուցվել է վարորդների իրավացիությունը այդ վեճերում: Միայն վերջերս է, որ օրենքում փոփոխություններ են կատարվել, որոնք լուծում են այս խնդիրը։
ՀԿ ղեկավարը նշեց, որ 2-րդ շարքում կայանելու համար պատիժը մեղմացնելու որոշումն էլ հակասում է հայտարարված նպատակներին, քանի որ հենց նման խախտումներն են քաղաքում երթևեկելու դժվարությունների պատճառ դառնում։
«Իսկապես, տաքսիստներն արդարացիորեն նշում են, որ հաճախ տուգանքներ են ստանում հաճախորդին երկրորդ շարքում սպասելու համար` վերջինիս ուշացման և կայանատեղերի բացակայության պատճառով: Արտոնությունը, սակայն, տարածվելու է ոչ միայն նրանց, այլ բոլորի վրա։ Այս նորմը չենք կարող բարելավման ուղղությամբ արված քայլ համարել»,– ընդգծեց Քեյանը։
Քեյանի պնդմամբ` տուգանքները ժամանակին վճարելիս վարորդների համար զեղչեր սահմանելը իշխանությունների բարի կամքի դրսևորում չէ կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համոզմունքների արտացոլում, թե քաղաքացին «տուգանքի մատերիալ չէ»։
Փորձագետը վստահ է` այս փոփոխություններով վարորդներին ասում են, թե շատ կտուգանեն, բայց նաև հնարավորություն կտան շուտ ու մաս–մաս վճարելու, չնայած նրան, որ տուգանումը նույն խստությամբ է կատարվելու։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ից բոնուսային համակարգում 20 տոկոս զեղչ կկիրառվի, եթե տեսալուսանկարահանող սարքերի խախտումների ծանուցումը վարորդը ստանա էլեկտրոնային եղանակով։
Մինչ օրենքի ուժի մեջ մտնելը կատարված խախտումների դեպքում, եթե վարորդը մուծում է տուգանքի 50 տոկոսը ու, եթե գործը նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում է, այսինքն` կատարողական ծախսը ներառյալ, ապա այս դեպքում վճարման պարտավորությունն ամբողջովին կհամարվի կատարված։
Փոփոխություն է կատարվել նաև երկրորդ գծում կանգառ կամ կայանում կատարելու դեպքում նախատեսվող բալային միավորի համար, 0.5-ի փոխարեն իրավախախտ վարորդից կհանվի 0.25 միավոր։
ՀՀ կառավարությունն ընդունեց երթևեկության տուգանքների զեղչերի նախագիծը