ՀՀ–ում 3 տարում 78 երեխա վիրահատվել և սկսել է լսել. նշվում է լսողության պահպանման օրը

Վիրահատություն. Արխիվային լուսանկար
ԱՀԿ-ի տվյալներով` 446 մլն մարդ ունի հաշմանդամության հասցնող լսողության խանգարումներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հայաստանում 2020-2023 թթ. պետական պատվերի շրջանակներում կատարվել է շուրջ 78 երեխայի կոխլեար իմպլանտացիայի վիրահատություն, որի արդյունքում նրանք սկսել են լսել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։
Նշենք, որ մարտի 3-ը լսողության պահպանման համաշխարհային օրն է, այս տարի օրվա կարգախոսն է «Մտածելակերպի փոփոխություն. իրականություն դարձնենք ականջի և լսողության խնամքը բոլորի համար»:
ԱՀԿ-ի տվյալներով` աշխարհում 446 մլն մարդ ունի հաշմանդամության հասցնող լսողության խանգարումներ:
Լսողության բնածին կորստի հայտնաբերումն այսօր առողջապահության և սոցիալական հիմնական խնդիրներից է:
«Նորածինների լսողության սքրինինգը Հայաստանում մեկնարկել է 2008 թվականից, իսկ 2018-ից արդեն իրականացվում է հանրապետության ամբողջ տարածքում: 2020-2023թթ. պետական պատվերի շրջանակներում կատարվել է շուրջ 78 երեխայի կոխլեար իմպլանտացիայի վիրահատություն: Առողջապահության նախարարությունը վերջին տարիներին փոխհատուցում է կոխլեար իմպլանտացիայի վիրահատության և հետվիրահատական 1 տարվա ծախսերը»,– ասված է հաղորդագրությունում:
Երեխայի լսողության խանգարման վաղ ախտորոշումն ապահովում է նաև նրա կոխլեար իմպլանտացիայի պոտենցիալ հնարավորությունը շատ վաղ տարիքում: Այս մեթոդով լսողության վերականգնումը միայն վիրահատական միջամտություն չէ, այն նաև հետվիրահատական երկարատև և աշխատատար վերականգնողական միջոցառում է: