ԵՐԵՎԱՆ, 3 մարտի – Sputnik. Հակաօդային պաշտպանության միջոցները Ղրիմի երկնքում ոչնչացրել են ուկրաինական ինքնաթիռային տիպի 38 անօդաչու թռչող սարք։ Տեղեկությունն այսօր հայտնել է ՌԴ ՊՆ-ն:
«Այս գիշեր կանխվել է Կիևի ռեժիմի՝ Ռուսաստանի Դաշնության տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ 38 ինքնաթիռային տիպի ԱԹՍ-ների կիրառմամբ ահաբեկչական հարձակում իրականացնելու փորձը։ Հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցներով Ուկրաինայի բոլոր անօդաչու թռչող սարքերը ոչնչացվել են Ղրիմի Հանրապետության տարածքում», – ասել են գերատեսչությունում։
Ռուսաստանը ռազմական գործողություն է սկսել Ուկրաինայում 2022 թվականի փետրվարի 24-ին։ Նախագահ Վլադիմիր Պուտինն այն անվանել է «այն մարդկանց պաշտպանությունը, որոնք ութ տարի շարունակ ենթարկվում են ծաղրուծանակի, ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»: Դրա համար, նրա խոսքով, նախատեսվում է իրականացնել «Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնացում», դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի «խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների» համար: Ի պատասխան՝ Արևմուտքի երկրները լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։