ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի – Sputnik. Հայաստանում արդեն բժշկական էթիկայի հանձնաժողով է գործում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց բժշկական էթիկայի հանձնաժողովի նախագահ Իզաբել Աբգարյանը։
Աբգարյանը նշեց, որ հանձնաժողովը ձևավորվել է 2023 թվականի հուլիսին։ Դրանում ընդգրկված են իրավաբան, հոգեբան, գիտնական, բուժաշխատող, պացիենտի իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության ներկայացուցիչ և այլ մասնագետներ: Ընդհանուր 7 անձ:
«Բժշկական էթիկայի հանձնաժողովը ստեղծվել է բուժաշխատողների կողմից գործընկերների և հիվանդների հետ փոխհարաբերություններում մասնագիտական էթիկայի նորմերի խախտման դեպքերի հետ կապված հարցերի, մասնագիտական էթիկայի ոլորտին վերաբերող կոնֆլիկտային իրավիճակների քննարկման համար», – ասել է նա:
Հանձնաժողովի որոշման հիման վրա կարող են պատասխանատվության ենթարկել էթիկայի նորմերը խախտած անձին, ընդհուպ մինչև դադարեցնեն նրա աշխատանքային գործունեությունը մեկ ամիս ժամկետով: Չի բացառվում նաև միջոցների խստացումը։
Սակայն առայժմ, ըստ Աբգարյանի, էթիկայի կանոնների խախտումների վերաբերյալ ոչ մի դիմում կամ բողոք չի ստացվել:
Նշենք, որ հայկական մոդելի հիմքում, որով արդեն հետաքրքրվել են Վրաստանում, Ֆրանսիայի հաջողված փորձն է: