ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արմեն Նիկողոսյանի որդին` Էդգար Նիկողոսյանը, ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից ֆուտբոլային կարիերայի համար, բայց այժմ ֆուտբոլով չի զբաղվում։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը` շեշտելով, որ Արմեն Նիկողոսյանը նախկինում լրագրող է աշխատել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթում։
Այն, որ Էդգար Նիկողոսյանը օրենքով սահմանված կարգով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից, լրատվամիջոցին հաստատել են ՀՀ պաշտպանության նախարարությունից, սակայն հրաժարվել են պարզաբանել, թե ինչ հիմքով՝ մատնանշելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքը:
«Արդյոք 2013-ին 18-ը բոլորած Էդգար Նիկողոսյանն իսկապես ֆուտբոլային կարիերա է ունեցել և ունի. փնտրեցինք տեղեկություններ, չգտանք: Զանգահարեցինք հորը՝ Արմեն Նիկողոսյանին, որը, սակայն, հրաժարվեց զրուցել մեզ հետ. չկարողացանք պարզել, թե ինչ հիմքով է որդին ազատվել զինծառայությունից, ինչու չի զբաղվել հետագայում ֆուտբոլով, և ամենակարևորը՝ ում միջնորդությամբ է ազատվել որդին բանակից»,–գրում է օրաթերթը։
Լրատվամիջոցը հիշեցնում է, որ ՔՊ–ական շարքերում նման դեպքերը եզակի չեն։
Օրինակ՝ ՀՀ արտաքին գործերի երիտասարդ փոխնախարար Վահան Կոստանյանը բանակից ազատվել է, որ գիտությամբ զբաղվի, սակայն պետական պաշտոնյա է: Զինծառայությունից ազատված են ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանի երկու որդիները՝ Աշոտ և Վլադիմիր Ղալումյանները: Հովիկ Աղազարյանի կրտսեր որդին՝ Հովսեփ Աղազարյանը ևս չի ծառայել։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի 2 որդիները նույնպես ազատվել են ծառայությունից, և այս շարքը կարելի է դեռ երկար շարունակել։