ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կարծում է, որ Հայաստանի կողմից ՀԱՊԿ–ում իր մասնակցությունը իրավաբանորեն կասեցնելու վերաբերյալ հարցի դիտարկման դեպքում երկիրը կարող է բախվել կազմակերպությունում ձայնի իրավունքի և ՀԱՊԿ–ի կողմից լիարժեք պաշտպանության կորստի վտանգի։ Այս մասին նա հայտարարել է ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դժգոհություն էր հայտնել ՀԱՊԿ–ի աշխատանքից` հայտարարելով, որ կազմակերպությունն անվտանգության ապահովման փոխարեն, հակառակը, խնդիրներ է ստեղծում։ Նա ընդգծել էր, որ ներկայիս վիճակի պահպանման դեպքում Հայաստանը կարող է անցնել ՀԱՊԿ–ում իր մասնակցության փաստացի սառեցումից իրավաբանական կասեցման։
Այն դեպքում, եթե Հայաստանն այնուամենայնիվ կասեցնի իր անդամակցությունը կազմակերպությանը, այն այլևս չի մասնակցի որոշումների ընդունման գործընթացին և ընդհանուր անվտանգության ամրապնդման համար անցկացվող ՀԱՊԿ միջոցառումներին, նշել է Բորդյուժան` մեկնաբանելով Փաշինյանի խոսքերը։
«Նշանակում է` այն դեռ սառեցված ռեժիմում կլինի, այդ թվում դա վերաբերվելու է նրա անվտանգության համակարգին», – ասել է Բորդյուժան։
Նա հավելել է, որ նման սցենարի իրագործման պարագայում «խիստ նվազում է» հավանականությունը, որ կազմակերպությունը «որևէ կերպ կտարածի նրա վրա (Հայաստանի, – խմբ.) անվտանգության բոլոր համակարգերը»։ Նա նաև կասկած հայտնեց, որ Հայաստանը կկարողանա իր համար անվտանգության այլընտրանքային համակարգ ապահովել։
Միևնույն ժամանակ ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը գործակալությանը հիշեցրել է, որ ՀԱՊԿ–ում մասնակցությունը պաշտոնապես դադարեցնելու մեխանիզմ առկա է և նախկինում արդեն օգտագործվել է։
2012 թվականի հունիսի 28-ին Տաշքենդը նոտա էր հղել ՀԱՊԿ–ում Ուզբեսկտանի անդամակցությունը դադարեցնելու մասին ծանուցմամբ (պաշտոնապես դադարեցվել է նույն թվականի դեկտեմբերի 19-ին)։