ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Այս տարի «Սլավյանսկի բազար 2024» մրցույթում Հայաստանը կներկայացնեն 9-ամյա Յանա Ստեփանյանը և երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը։
Այսօր Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջում տեղի է ունեցել «Սլավյանսկի Բազար 2024» ամենամյա երաժշտական հեղինակավոր մրցույթի հայաստանյան նախընտրական փուլը։
Չորս տասնյակի հասնող նախնական հայտերից ժյուրին ընտրել է 9 մասնակցի, որոնք նախընտրական փուլի ընթացքում հանդես են եկել երկու կատարումով։
8-14 տարեկան տարիքային խմբում այս տարի հուլիսի 9-15-ը «Սլավյանսկի բազար 2024» 23-րդ մանկական կատարողների ամենամյա միջազգային մրցույթում Հայաստանը կներկայացնի 9-ամյա Յանա Ստեփանյանը, որը ժյուրիին ներկայացել է նախ Արթուր Գրիգորյանի «Կանգ առ», ապա՝ Ալլա Պուգաչովայի երգացանկից «Այսբերգ»(հեղ.` Իգոր նիկոլաև) կատարումներով։
Իսկ «Սլավյանսկի բազար 2024» 33-րդ երիտասարդ կատարողների ամենամյա միջազգային հեղինակավոր մրցույթում Հայաստանը կներկայացնի բազմաթիվ միջազգային մրցույթների դափնեկիր, 31–ամյա երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը, որի թեկնածությունը մրցույթի հայաստանյան կազմկոմիտեն միաձայն դրական է ընդունել։
Երգչուհի Սյուզաննա Մելքոնյանը 2021 թվականին հաղթել է ռուսական հեղինակավոր «Ну-ка все вместе» շոուում, իսկ 2022-ին Ղազախստանում անցկացված «Almatym Juregimde» երգի մրցույթում արժանացել է 1-ին մրցանակի։
Հիշեցնենք, որ նախորդ տարի «Սլավյանսկի բազար 2023» մրցույթում Հայաստանը ներկայացրեց երգչուհի Մաշա Մնջոյանը և դարձավ մրցույթի բացարձակ հաղթող՝ արժանանալով Գրան Պրի մրցանակի: Իսկ մանկական կատարողների մրցույթում 10-ամյա Անահիտ Գալստյանը արժանացավ երկրորդ մրցանակի։