ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. Իրանի Մեջլիսի պատգամավորներ են ընտրվել հայազգի Արա Շահվերդյանը և Գեղարդ Մանսուրյանը։ Տեղեկությունը հայտնում է «Իրանն այսօր» Telegram ալիքը։
Արա Շահվերդյանը, որը նաև գործող պատգամավոր է, ընտրվել է Թեհրանի և հյուսիսային շրջանի իրանահայության ներկայացուցիչ։
Գեղարդ Մանսուրյանը միջազգայնագետ է և իրանական մամուլում աչքի է ընկել Հայաստանի ու Արցախի մասին հոդվածներով։ Նա Սպահանի և հարավային շրջանի իրանահայության ներկայացուցիչն է։
Հիշեցնենք, որ Իրանի Մեջլիսի ընտրությունները կայացել են մարտի 1-ին, դրանց ընդհանուր արդյունքները դեռ չեն ամփոփվել։
Նշենք, որր փորձագետների խորհրդի ընտրություններն Իրանում անցկացվում են 8 տարին մեկ։ Այս տարի խորհրդում ընդգրկվելու համար (88 հոգևորականներից բաղկացած վերխորհրդարանական մարմին) հավակնում է 144 թեկնածու։ Մեջլիսի (290 տեղ) ընտրություններին թույլատրվել է մասնակցել 14 912 թեկնածուի, ինչը կազմում է հայտերի ընդհանուր թվի 73%–ը։ Այսպիսով` խորհրդարանի մեկ տեղի համար 51 մարդ է պայքարում։
Ընտրությունների անվտանգության ապահովման համար մոտ 190 հազար զինծառայող և իրավապահ մարմինների ներկայացուցիչներ են ներգրավվել, իսկ երկրի հեռավոր մարզերից ընտրատուփերի տեղափոխման համար Իրանի ԶՈւ–ի կազմում գտնվող ուղղաթիռներ են ներգրավվելու։ Ազգային անվտանգությունն ապահովող բոլոր ծառայությունները, այդ թվում` սահմանապահ ծառայությունը, բարձր պատրաստության վիճակի են բերվելու։
Հարկ է նշել, որ Իրանի սահմանադրության մեջ քաղաքական, աշխարհագրական կամ այլ գործոնները հաշվի առնելով խորհրդարանի անդամների թվաքանակի փոփոխման հնարավորություն է նախատեսված. յուրաքանչյուր 10 տարին մեկ պատգամավորների թիվը կարող է 20 մարդով ավելանալ։ Կրոնական փոքրամասնություններին 5 տեղ է հատկացվում` ասորի քրիստոնյաներն ու քաղդեացիները միասին մեկ պատգամավոր են ընտրում, քրիստոնյա հայերը` երկու, հրեաներն ու զրադաշտները` մեկական։ Պատգամավորական լիազորությունների ժամկետը չորս տարի է։