Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ սահմանի բացմանը և դիվանագիտական հարաբերությունների լիակատար վերականգնմանը, հայտարարել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը:
«Մենք այսօրվա դրությամբ խոչընդոտներ չենք տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման, դիվանագիտական հարաբերությունների հաստատման համար, այսօր պատրաստ ենք սահմանի բացմանը», - ասել է Ռուբինյանը CNN Türk–ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով՝ Երևանն այդ հարցում Անկարայից քաղաքական կամք է ակնկալում։
Հիշեցնենք, որ երեկ` մարտի 1–ին, Քըլըչը ՀՀ ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին առաջարկել էր հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում։
Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հայաստանը 2023–ի փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո փրկարարների խումբ ուղարկեց Թուրքիա որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար։ Նաև մարդասիրական օգնության երկու խմբաքանակ ուղարկվեց Թուրքիա։ Բեռնատարները 30 տարվա մեջ առաջին անգամ հատեցին ցամաքային սահմանը Մարգարայի կամրջով։ Այնուհետև հայ փրկարարները նույն ճանապարհով վերադարձան հայրենիք։ Բացի այդ, Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին այցելեց Թուրքիա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023–ի հունիսի 3-ին մեկնեց Անկարա և ներկա գտնվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը: