ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. ԳԴՀ ՊՆ–ն խոստովանել է Լյուֆթվաֆեի սպաների խոսակցության ձայնագրության իսկությունը, որտեղ քննարկվում է Ուկրաինային Taurus հրթիռների մատակարարման հնարավորությունը։ Այս մասին ասվում է գերմանական առաջին հեռուստաալիքի Tagesschau հաղորդման եթերում։
«Մեր գնահատականներով` ՌՕՈւ–ի զրույցը որսացել են։ Վստահաբար չենք կարող ասել, թե արդյոք որոշակի փոփոխություններ մտցվել են սոցցանցերում շրջանառվող ձայնագրության կամ դրա տեքստային տարբերակի (սղագրության) մեջ», – RT–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հրապարակած ձայնագրության հետ կապված հաղորդման վերաբերյալ տված մեկնաբանության մեջ հայտարարել է Գերմանիայի ՊՆ ներկայացուցիչը, որի անունը չի նշվել։
ՌՕՈւ սպաները ձայնագրության մեջ զբաղված են Ուկրաինայում Taurus հրթիռների օգտագործման հնարավորության մասին պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի համար զեկույցի պատրաստմամբ։ Սպաները բացեիբաց խոսում են Ուկրաինայում ամերիկյան և բրիտանական ռազմական անձնակազմի, ինչպես նաև Taurus հրթիռների կիրառման համար Գերմանիայում ուկրաինացի զինվորականների նախապատրաստելու հնարավորության, այդ թվում` Ղրիմի կամրջի մասին։
Այդ ձայնագրության հրապարակման մասին արդեն իսկ արտահայտվել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը` այն որակելով «շատ լուրջ հարց, որն այժմ ինտենսիվ, զգուշորեն և արագ հետաքննվում է»։
Գերմանիայի պաշտպանության ոլորտի փորձագետները տարակուսանք են հայտնում, թե որքան անփույթ կերպով են բարձր գաղտնիության թեմաները քննարկվել կապի չպաշտպանված գծերով։