ԵԱՏՄ–ն դեռ պատրաստ չէ միասնական արժույթի տարածք ստեղծելուն. Տիգրան Սարգսյան

Սարգսյանը նշել է պատժամիջոցների պայմաններում միասնական վճարային տարածք ստեղծելու արդիականությունն ու Իրանի, Եգիպտոսի, Վիետնամի, Հնդկաստանի, Սինգապուրի և Չինաստանի նման երկրների հետ համագործակցության անհրաժեշտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 մարտի – Sputnik. ԵԱՏՄ երկրները դեռ պատրաստ չեն միասնական արժույթի տարածք ստեղծելուն։ Այս մասին, ՏԱՍՍ–ի փոխանցմամբ, Սանկտ–Պետերբուրգի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական տնտեսական կոլեգիայի նախկին ղեկավար, Եվրասիական զարգացման բանկի վարչության փոխնախագահ, Թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը։
Երևանը պաշտոնապես միացել է ԵԱՏՄ-ում Բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչմանը
Ըստ նրա` այդ հարցն ակտիվ քննարկվում է և օրակարգում է արդեն տասը տարի` ԵԱՏՄ–ի ձևավորման պահից։ Նա մեջբերել է ԵՄ–ի օրինակը, որը միասնական արժույթի տարածք է ստեղծել և մտցրել եվրոն։
«Սակայն ԵԱՏՄ շրջանակում միասնական արժույթ ներդնելուց դեռ հեռու ենք։ Անհրաժեշտ է համաժամանակեցնել հինգ երկրների օրենսդրությունները, հատկապես բանկային կարգավորման ոլորտում։ Դա երկարատև և մանրակրկիտ աշխատանք է պահանջում, որը դեռ պետք է արվի», – նշել է նա։
Սարգսյանն ընդգծել է, որ այսօրվա դրությամբ առաջնահերթ խնդիրներից է միասնական վճարային տարածքի ստեղծումը։ Պատժամիջոցների պայմաններում, երբ արհեստական խոչընդոտներ են ստեղծվում ԵԱՏՄ երկրների և ազատ առևտրի գոտու գործընկերների միջև արդյունավետ համագործակցելու համար, այդ խնդիրն առավել արդիական է դառնում, նշել է նա։
ԵԱՏՄ-ում սկսվել է արդյունաբերական համատեղ նախագծերի հայտերի ընդունումը. մանրամասներ
Սարգսյանն ավելացրել է, որ նման համակարգ պետք է մշակվի Իրանի, Եգիպտոսի, Վիետնամի, Հնդկաստանի, Սինգապուրի և Չինաստանի հետ համագործակցությամբ։