Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է և կապված չէ խաղաղության հարցի հետ. Ռուբինյան

Ռուբինյանը ներկայացրեց խաղաղության պայմանագրի այն երկու կետերը, որոնց շուրջ Հայաստանն ու Ադրբեջանն արդեն նախնական համաձայնության են հասել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik․ Սահմանադրությունը ՀՀ ներքին գործն է և կապված չէ խաղաղության գործընթացի հետ։ Այսօր Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում անցկացվող «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» խորագրով պանելային քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյան։
«Հայաստանը Ադրբեջանից տարածքային պահանջներ չունի, մենք բազմաթիվ անգամ ենք դա ասել, դա նաև ամրագրված է եղել համատեղ հայտարարություններում։ Բայց 2 կողմի համար էլ կարևոր է ֆիքսել, որ ոչ մեկը մյուսից տարածքային պահանջ չունի, և դա կլինի խաղաղության պայմանագիրը»,– ընդգծեց Ռուբինյանը։
Նա շեշտեց՝ խաղաղության պայմանագրի նախագծում կան երկու կետեր, որոնք վերաբերում են այս հարցերին։ Պարզաբանեց՝ դրանք այն երկու կետերն են, որոնց շուրջ երկրները նախնական համաձայնության են եկել։
«Դրանցից մեկում ամրագրված է, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են երկրների տարածքային ամբողջականությունը, չեն սպառնում, չեն պահանջում որևէ տարածք և չեն պահանջելու նաև ապագայում։ Մյուս կետով ֆիքսվում է, որ երկրները չեն կարող վկայակոչել իրենց ներքին օրենսդրությունը՝ պայմանագրի որևէ կետի կատարումից հրաժարվելու համար»,- ասաց Ռուբինյանը։
Նրա կարծիքով՝ լավագույն ճանապարհը երկուստեք համոզելու, որ երկրներն իրարից տարածքային պահանջներ չունեն, խաղաղության պայմանագրի ստորագրումն է։
Ադրբեջանի կողմից բավարար ջանքեր չենք տեսնում․ Ռուբեն Ռուբինյանի ելույթը Անթալիայում
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։
2023–ի հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
Միաժամանակ, ըստ նրա, Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի, ինչի մասին են վկայում այդ երկրի գործողությունները: Փաշինյանի խոսքով` Ալիևը ոչ թե տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման վրա հիմնված խաղաղության պայմանագրի է ձգտում, այլ ավելի շուտ` Հայաստանի նոր տարածքների գրավման:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2024–ի հունվարի 23–ին հայտնեց, որ Ադրբեջանին են ուղարկել Խաղաղության պայմանագրի 7–րդ խմբագրումն ու սպասում են պատասխանի։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հունվարի 28–ին հաստատեց, որ Բաքուն Երևանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների հերթական փաթեթը։