ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը հայ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին առաջարկեց հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում։ Այս մասին Քըլըչը հայտնեց Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ։
«Ես պարոն Ռուբինյանին ուզում եմ առաջարկել հաջորդ շաբաթ Երևանում հանդել, և դա կդառնա պատմական իրադարձություն»,– նշեց Քըլըչը։
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ ընդգծեց, որ երկուսով ավելի ուշ կքննարկեն այդ հարցը։
«Ես և դուք ավելի ուշ կորոշենք, թե երբ կհանդիպենք և որտեղ կհանդիպենք»,– ասաց ՀՀ ԱԺ փոխխոսնակը։
Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։
Հայաստանը 2023–ի փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո փրկարարների խումբ ուղարկեց Թուրքիա որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու համար։ Նաև մարդասիրական օգնության երկու խմբաքանակ ուղարկվեց Թուրքիա։ Բեռնատարները 30 տարվա մեջ առաջին անգամ հատեցին ցամաքային սահմանը Մարգարայի կամրջով։ Այնուհետև հայ փրկարարները նույն ճանապարհով վերադարձան հայրենիք։ Բացի այդ, Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին այցելեց Թուրքիա։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023–ի հունիսի 3-ին մեկնեց Անկարա և ներկա գտնվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի պաշտոնի ստանձնման արարողությանը: