ՔՊ–ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև բանակցությունների վերականգնումը

Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ողջունում է Երևանի և Բաքվի միջև բանակցությունների վերականգնումը։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
Լրագրողը հարցրեց` արդյոք Մյունխենում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների, ինչպես նաև Բեռլինում արտգործնախարարների բանակցությունների ֆոնին կարելի՞ է արձանագրել, որ Ադրբեջանը վերադառնում է բանակցությունների արևմտյան հարթակին ու այս դեպքում Գերմանիան միջնորդ է հանդիսանում, թե՞ Հայաստանն է համաձայն երկկողմ բանակցությունների, իսկ Գերմանիան ուղղակի հարթակ է բանակցությունների համար։

«Մենք պետք է ողջունենք Հայաստան–Ադրբեջան բանակցությունների ձևաչափի վերականգնումը, և սա չափազանց կարևոր է հետագա գործընթացները ծավալելու համար։ Հանդիպումները շարունակվում են, և դա շատ դրական նշան է»,– ի պատասխան ասաց Վարդանյանը։

Խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ արդյունավետ են համարում բոլոր այն հարթակները, որտեղ կպաշտպանեն արձանագրված սկզբունքները։
«Գրանադայում կայացած հանդիպման ժամանակ Գերմանիան նույնպես ստորագրել է մեր սկզբունքներն ամրագրող փաստաթղթի տակ։ Ուստի մենք ողջունում ենք բոլոր այն հարթակները, որտեղ հրագվում են այդ սկզբունքները, և մենք արդյունավետ ենք համարում այդ բանակցությունները։ Ողջունում ենք ցանկացած ձևաչափով բանակցությունները, որոնք տանում են դեպի խաղաղություն տարածաշրջանում»,– նշեց Հովհաննիսյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունները Բեռլինում մեկնարկել էին փետրվարի 28-ին և շարունակվել փետրվարի 29-ին։
Փետրվարի 17-ին էլ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էին հանդիպել։