Պասկևիչն ու Լորիս-Մելիքովը. ինչի մասին են զրուցում տարբեր դարաշրջանների հերոսները

Երևանում Ռուսական տան գրասենյակում կայացել է մոսկվայաբնակ ռեժիսոր Ալեքսանդր Մարությանի նոր ֆիլմի ցուցադրությունը և նրա հետ ստեղծագործական հանդիպումը:
Sputnik
Նրանք, ովքեր հետաքրքրվում են հայոց պատմությամբ և բավականին լավ գիտեն սիրողական մակարդակով, անպայման կցանկանան մինչև վերջ դիտել այս ֆիլմը։ «Երկու գեներալ և մի բերդ» ֆիլմը պատերազմի մասին է, բայց առանց դրամատիկ-բազմամարդ տեսարաների և թանկարժեք հատուկ էֆեկտների, այն գրավում է երկու գլխավոր (և միակ) հերոսների՝ Իվան Պասկևիչի և Միքայել Լորիս-Մելիքովի կշռադատված երկխոսությամբ։ Սա պատմական ֆանտաստիկա է 19-րդ դարի տարբեր կեսերում ծառայած երկու հրամանատարների մասին, որոնք իրենց ժամանակի նշանավոր գործիչներ են դարձել։
Ռեժիսոր Ալեքանդր Մարությանը որսացել է երկու տարբեր ժամանակների հերոսներին միավորող ճակատագրական ընդհանրությունը՝ Կարսի բերդը։ 19-րդ դարում ռուսական զորքերն ու հայկական աշխարհազորը երեք անգամ գրավել են այն։
Առաջին անգամ՝ 1828 թվականին, հաղթական գրոհը ղեկավարում էր գեներալ Պասկևիչը, իսկ երրորդ անգամ՝ 1877 թվականին, զորքերի հրամանատարը գեներալ Լորիս-Մելիքովն էր, որը գրավումից հետո ստացավ Կարսի կոմսի տիտղոսը։ 1855 թվականին՝ Ղրիմի պատերազմի ժամանակ, հաջող հարձակման և Կարսի հետագա տխուր ճակատագրի մասին երկու հաղթողների երկխոսությունը բացահայտում է գերտերությունների անվերջ արդիական շահերի տրամաբանությունը։
Զորավարներն իրար հետ են զրուցում, բայց խոսակցությունը հանդիսատեսի համար է՝ ստիպում է նրան սկսել մտածել։ Ռուսաստանն իր պատմության ընթացքում ավելի քան տասն անգամ պատերազմել է Թուրքիայի դեմ։ Կարսի կոմսը՝ Թիֆլիսում ծնված Լորիս-Մելիքովը, հիշեցնում է, որ Արևելքում միշտ վախեցել են ուժեղից և հարգել են նրան, ուրեմն պետք է միշտ պատրաստ լինել օսմանների հետ նոր հակամարտության։ Իսկ Վարշավայի պայծառափայլ իշխան, Էրիվանի կոմս, պոլտավացի Պասկևիչը պատմում է, որ իր տոհմը ծագում է զապորոժցի կազակ Պասկայից։
Պասկևիչն ու Լորիս-Մելիքովը, հիշելով իրենց ժամանակի իրադարձությունները, խոսում են այն մարդկանց մասին, որոնց ողբերգական ճակատագրերը միահյուսվել են ծառայողական պարտքի և պատվի հետ։ Դիվանագետ Ալեքսանդր Գրիբոյեդովի սպանությունը՝ հայերին իրենց հայրենի հող վերադարձնելու համար, Պարսկաստանը փորձեց քավել արժեքավոր ալմաստով։ Մեր ժամանակներում վարկածներ են շրջանառվում 44-օրյա պատերազմի վերջին օրը շարասյուննն ուղեկցող ուղղաթիռի անձնակազմի և անցյալ տարի Լեռնային Ղարաբաղում ողբերգական սրացման ժամանակ խաղաղապահների խմբի մահվան փոխհատուցման գնի մասին։ Մերօրյա հանդիսատեսի համար դժվար է չհամաձայնել պատմական մեծ գործիչների՝ անցյալից հնչող ձայների հետ․․․