ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումների մասին: Միրզոյանն այդ մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։
«Ընդգծել եմ այն սկզբունքներին հավատարմության կարևորությունը, որոնք արտացոլված են Պրահայում և Գրանադայում կայացած քառակողմ հանդիպումներից հետո ընդունված հայտարարություններում»,– նշել է նախարարը։
Հիշեցնենք` Միրզոյանն Անթալիա է մեկնել այսօր` մարտի 1-ին։ Նա մասնակցել է դիվանագիտական ֆորումին, հանդիպել Քուվեյթի արտաքին գործերի նախարար Աբդալլահ Ալի Ալ-Յահյայի, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Լեո Դոքերթիի հետ։