ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. «Ozon» ընկերությունն անցած շաբաթ մաքսային հսկողության ժամանակ դժվարությունների է հանդիպել, այդ պատճառով որոշ ապրանքներ նախատեսվածից ուշ կհասնեն պատվիրատուին։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ozon Armenia»-ի կոմերցիոն տնօրեն Աշոտ Հախվերդյանը։
Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր` տևական ժամանակ է՝ քաղաքացիներից բողոքներ են ստանում, որ «Ozon» ռուսական առցանց առևտրի հարթակի միջոցով պատվերներ գրանցելուց և վճարում կատարելուց հետո ապրանքները տեղ չեն հասնում։
Ըստ Հախվերդյանի` խոսքը ամբողջ տեսականու շուրջ 1%-ին է վերաբերում։
«Մենք անմիջապես զգուշացրել ենք գնորդներին, վստահեցնում ենք, որ այս իրավիճակի պատճառով ուշացած ապրանքները կառաքենք մոտ ժամանակներում»,– ասաց նա։
«Ozon Armenia»-ի կոմերցիոն տնօրենի խոսքով` Երևանում գործող ապրանքի ստացման կետերը պատասխանատու են միայն հաճախորդներին ապրանքներ տրամադրելու համար։