ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Հարավային Կովկասի անվտանգությունն ու զարգացումը շատ կարևոր են ԵՄ–ի համար, այդ պատճառով Եվրամիությունն աջակցություն է հայտնել ՀՀ–ին և Ադրբեջանին` լուծելու երկու երկրների միջև եղած երկարատև կոնֆլիկտը։ Անթալիայում ընթացքող դիվանագիտական ֆորումի ժամանակ այս մասին ասաց Հարավային Կովկասում և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։
«Խաղաղությունը պատերազմի բացակայությունը չէ, դա մի մեծ ու մանրակրկիտ համաձայնագիր է, որը պետք է բոլոր երկրներին երկարատև ու ամուր փոխհարաբերություններ կառուցելու հիմք հանդիսանա։ ԵՄ–ն երկարատև հեռանկարով ներգրավված է Հարավային Կովկասի կայունության ու անվտանգության գործում։ Խաղաղությունը պետք է ներառի ու ապահովի սահմանների ապաշրջափակումը Հայաստանի և Ադրբեջանի միջև, ներառյալ՝ Ադրբեջանի հիմնական մասի կապը Նախիջևանին»,– ասաց Կլաարը։
Անդրադառնալով Թուրքիայի դերակատարմանը` նա նշեց, որ այս երկիրն իսկապես հետաքրքրված է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում։
«Որպես տարածաշրջանի առաջատար երկիր` Թուրքիան ցույց է տալիս իր հետաքրքրվածությունը ՀՀ–ի և Ադրբեջանի միջև։ Այս երեք երկրները կարող են նպաստել տարածաշրջանի զարգացմանը»,– ընդգծեց Կլաարը։
Ըստ նրա` Անկարան կարող է ուժեղ ազդեցություն ունենալ տարածաշրջանի հաղորդակցության ուղիների բացման գործում։
Նշենք, որ Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթանում է դիվանագիտական ֆորում, որի շրջանակում անցկացվեց «Խաղաղությունը, զարգացումն ու կապվածությունը Հարավային Կովկասում» պանելային քննարկում։
Դրան մասնակցում են հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում ՀՀ բանագնաց, ՀՀ հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը, Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը և Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը, Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիան և Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։