ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Հայաստան–Ադրբեջան բանակցությունների արդյունքներից որևէ բան ակնկալելն այնքան էլ հուսադրող չէ։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը` անդրադառնալով հարցին` արդյոք Գերմանիան կարող է լավ միջնորդ լինել Երևան–Բաքու բանակցությունների շրջանակներում և Իլհամ Ալիևին էլ կառուցողական դաշտ բերի։
Նա ընդգծեց, որ ցանկացած բանակցություն ավելի ընդունելի է, քան պատերազմական գործողությունները։ Օհանյանը հիշեցրեց` 2018 թվականից սկսած բանակցային գործընթացը ձախողվեց ու 2020 թվականին հայկական կողմը բախվեց պատերազմի։
«Ադբրեջանի իշխանություններն անընդհատ պնդում են, թե իրենց պետք չէ որևէ միջնորդ, փորձում են ՀՀ–ի դեմ ճնշումներ գործադրել, բայց մյուս կողմից էլ խորամանկ կերպով օգտագործում են թե՛ արևմտյան հարթակը, թե՛ հետխորհրդայինը։ Արևմուտքում մենք ունենք բարեկամ երկրներ, բայց նրանք միայն դիտորդական առաքելություն են կարողանում իրականացնել։ Կարծում եմ, որ այս բանակցություններից գլոբալ առումով որևէ արդյունք ակնկալելն այնքան էլ հուսադրող չէ»,– նշեց Սեյրան Օհանյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունները Բեռլինում մեկնարկել էին փետրվարի 28-ին և շարունակվել փետրվարի 29-ին։
Փետրվարի 17-ին էլ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի նախաձեռնությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էին հանդիպել։