Երկիրը պատերազմի վտանգի տակ է, ՔՊ–ն տուն–տունիկ է խաղում. Մամիջանյան

Մամիջանյանն անդրադարձել է «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների ներկայության հարցին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը հասկանում է, թե ինչու են «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահներ գտնվում, իրեն ադրբեջանական ԶՈւ–ի ներկայությունն է անհանգստացնում Հայաստանի տարածքում։ Այս մասին Մամիջանյանն ասաց խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ անդրադառնալով հարցին` արդյոք իրենք անհանգստացած են, որ «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահներ կան։
Նա ընդգծեց` երկիրը պատերազմի վտանգի տակ է, իսկ ՔՊ–ն «տուն–տունիկ է» խաղում։
«Քնում–զարթնում են ինչ–որ բաներ են իմանում մեր երկրի մասին։ Ինձ հետաքրքիր է` երկա՞ր են այդ բացահայտումները շարունակվելու ՔՊ–ում։ Պաշտոնավարման 6-րդ տարում իմացա՞ն։ Ի տարբերություն իրենց (նկատի ունի ՔՊ–ն- խմբ.) ես հասկանում եմ, թե ինչ պայմանագրային բազայի հիման վրա է ու դա չեմ դիտարկում որևէ իշխանության աղերս կամ կասկած։ Դա ՀԱՊԿ արտաքին սահման է, Եվրասիականի արտաքին սահման է, կարծում եմ դրանով է պայմանավորված իրենց ներկայությունը։ Ինձ անհանգստացնում է ադրբեջանցիների առկայությունը Ջերմուկից 1 կմ այն կողմ, Վարդենիսից մի փոքր այն կողմ, Սյունիքում։ Ինձ անհանգստացնում է նաև «Եռաբլուրում» դրոշների ձայնը»,– նշեց Մամիջանյանը։
Հիշեցնենք` ավելի վաղ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, որ ռուս սահմանապահները պետք է դադարեցնեն ծառայություն իրականացնել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում:
ՌԴ սահմանապահներն ակտիվ դեր են ունեցել Սյունիքում էսկալացիա թույլ չտալու գործում. դեսպան
ՌԴ սահմանապահները ծառայություն են իրականացնում հայ-թուրքական և հայ-իրանական սահմանին՝ Հայաստանի տարածքում Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին 1992թ.-ի սեպտեմբերի 30-ին Երևանում կնքված միջպետական պայմանագրի համաձայն: Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչությունը ներառում է չորս սահմանապահ ջոկատ՝ Գյումրիում, Արմավիրում, Արտաշատում և Մեղրիում, ինչպես նաև առանձին անցակետ Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: