ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հանդիպել են Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակում և քննարկել երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
«Վերահաստատվել է հարաբերությունների ամբողջական կարգավորմանը հասնելու պատրաստակամությունը: Մտքեր են փոխանակվել այդ ուղղությամբ հնարավոր կոնկրետ քայլերի շուրջ»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային հարցերի:
Հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչները։
Հիշեցնենք` Միրզոյանն այսօր է մեկնել Թուրքիա։ ԱԳՆ–ն ավելի վաղ հայտնել էր, որ նախարարն այնտեղ է լինելու մարտի 1-3-ը, մասնակցելու է Անթալիայի դիվանագիտական համաժողովին, լինելու են երկկողմ հանդիպումներ։