Ադրբեջանի կողմից բավարար ջանքեր չենք տեսնում․ Ռուբեն Ռուբինյանի ելույթը Անթալիայում

Ռուբինյանը շեշտեց, որ խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ բանակցությունները կանգ չեն առել այս ամբողջ ընթացքում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik․ Հայկական կողմն ամեն ինչ անում է` իրականացնելու Ալմա Աթայի հռչակագրով ամրագրված այն հիմնական սկզբունքները, որոնց շուրջ տարբեր համաժողովների շրջանակներում Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվածություններ ձեռք են բերել։ Ցավոք, հայկական կողմը բավարար ջանքեր չի տեսնում Ադրբեջանի կողմից։ Այսօր Անթալիայում դիվանագիտական ֆորումի ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
«Վերջին տարիներին Հայաստանն ու Ադրբեջանը տարբեր համաժողովներում կարողացել են պայմանավորվածություն ձեռք բերել խաղաղության հիմնական սկզբունքների շուրջ։ Որոնք են դրանք՝ առաջին հերթին տարածքային ամբողջականության փոխադարձ վերահաստատումը՝ հենվելով Ալմա Աթայի հռչակագրի վրա։ Երկրորդ սկզբունքը, որի շուրջ պայմանավորվել են՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատումն իրականացվելու է Ալմա Աթայի հռչակագրի համաձայն։ Երրորդ սկզբունքը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիներին, որոնք վերաբացվելու են երկրների իրավազորության, հավասարության, փոխադարձության հիման վրա։ Կարծում ենք՝ եթե կարողանանք այս գոյություն ունեցող սկզբունքներն ամրապնդել խաղաղ բանակցություններում, շատ սեղմ ժամկետում հնարավոր կլինի հասնել խաղաղության։ Ցավոք, չեմ կարող ասել, որ մենք դա կարողացել ենք անել մինչև հիմա»,- ասաց Ռուբինյանը։
Միաժամանակ նա նշեց, որ թեպետ նախորդ տարի Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո երկրների առաջնորդների մակարդակով, այսպես ասած, ֆիզիկական հանդիպում տեղի չէր ունեցել, բայց խաղաղության վերաբերյալ բանակցությունները կանգ չէին առել։ Երկրները շարունակել են փոխանակել իրենց տեսակետները խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ։
Հիշեցնենք` 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ 2022 թվականի մարտին Բաքուն Երևանին փոխանցեց հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 5 կետից բաղկացած իր առաջարկը: Հայկական կողմը շտկումներ ավելացրեց և ուղարկեց իր տարբերակը։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։
2023–ի հոկտեմբերի 4-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երեք սկզբունք կա, որոնց շուրջ համաձայնության գալու դեպքում խաղաղության պայմանագիրը կստորագրվի։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2024–ի հունվարի 23–ին ասաց, որ Ադրբեջանին են ուղարկել Խաղաղության պայմանագրի 7–րդ խմբագրումն ու սպասում են պատասխանի։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հունվարի 28–ին հաստատեց, որ Բաքուն Երևանից ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ առաջարկությունների հերթական փաթեթը։
ՀՀ ԱԳՆ-ն մեկնաբանել է Նախիջևան տանող ճանապարհի մասին Ալիևի հայտարարությունը