ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik. Ադրբեջանի դեմ Եվրախորհրդարանի ընդունած բանաձևերն այդպես էլ կմնան թղթի վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց Սանկտ Պետերբուրգում ՀՀ նախկին գլխավոր հյուպատոս, ՀՅԴ ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը։
Փետրվարի 29-ին հայտնի դարձավ, որ Եվրախորհրդարանն ընդունել է արտաքին քաղաքականության ու ԵՄ անվտանգության և պաշտպանության քաղաքականության վերաբերյալ 2 բանաձև, որոնցից յուրաքանչյուրում ԵՄ-ին կոչ է անում անհապաղ պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և կասեցնել ռազմավարական էներգետիկ գործընկերության մասին փոխըմբռնման հուշագիրը: Բանաձևերի հեղինակները կոչ են արել նաև ընդլայնել և երկարաձգել հայ–ադրբեջանական սահմանին դիտորդական առաքելության գործողության ժամկետը, ինչպես նաև դիտորդներ տեղակայել Թուրքիայի հետ սահմանին:
Կարապետյանը կասկածում է, որ ԵՄ–ն պատրաստ է պատժամիջոցներ կիրառել Բաքվի դեմ, իսկ Երևանի նկատմամբ ռևերանսները, ըստ նրա, ամենայն հավանականությամբ, Հարավային Կովկասում ամրապնդվելու նպատակ ունեն:
«Մեր հիշողության մեջ դեռ թարմ են եվրոպացի և ամերիկացի քաղաքական գործիչների հավաստիացումներն այն մասին, որ նրանք թույլ չեն տա էթնիկ զտումներ Լեռնային Ղարաբաղում և ագրեսիա նրա դեմ։ Մենք հիշում ենք նաև Լաչինի միջանցքի ապաշրջափակման հետ կապված բազմաթիվ կոչերն ու պահանջները։ Ժամանակը ցույց տվեց, որ դրանք դատարկ հայտարարություններ են, որոնք ոչ մի գործնական նշանակություն չունեցան և մնացել են ընդամենը թղթի վրա։ Հիմա էլ, կարծում եմ, նույն իրավիճակն է»,– ասաց քաղաքական գործիչը։
Ըստ նրա` Ադրբեջանի դեմ պատժիչ գործնական քայլերը կարևոր կլինեին ՀՀ անվտանգության տեսանկյունից, բայց այդ բանաձևերն ու հայտարարություններն ընդամենը խորհուրդներ և խոսակցություններ են, այլ ոչ թե հրամայական փաստաթղթեր։
Կարապետյանը նաև կասկածում է, որ Եվրամիությունը երբևիցե կհրաժարվի ադրբեջանական էներգակիրներից. ԵՄ–ն ամեն կերպ փորձում է այլընտրանքներ գտնել ռուսական գազին և նավթին, և այդ այլընտրանքներից մեկը Ադրբեջանն է։
«Ի դեպ, Բաքուն այս ամենը լավ հասկանում է, ուստի կարող է իրեն թույլ տալ անտեսել եվրոպական կառույցների շատ որոշումներ»,– ասաց նա։
Քաղաքական գործչի խոսքով` Ադրբեջանի կողմից նման արհամարհական վերաբերմունքը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ եվրոպական կառույցների կողմից չեն ձեռնարկվել իրական պատժամիջոցներ։
Ինչ վերաբերում է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ընդլայնմանը և Թուրքիայի հետ սահմանի երկայնքով դիտորդներ տեղակայելու հնարավորությանը, ապա Կարապետյանի կարծիքով` դա լիովին տեղավորվում է Հարավային Կովկասում և մասնավորապես ՀՀ–ում իր ներկայության ուժեղացման բրյուսելյան քաղաքականության մեջ:
«Եվրամիությունն ավելի ու ավելի է փորձում Հայաստանին ներքաշել իր ազդեցության ուղեծրում և զուգահեռաբար թուլացնել ռուսական ազդեցությունը տարածաշրջանում։ Հաշվի առնելով նաև այն, որ հայ–թուրքական սահմանին կանգնած են ռուս սահմանապահներ, դիտորդներ տեղակայելու մասին Եվրախորհրդարանի բանաձևը հակասում է հայ–ռուսական համապատասխան պայմանագրին»,– ընդգծեց Կարապետյանը։
Նրա համոզմամբ` այս տեսանկյունից բանաձևը որոշակի տարակուսանք է առաջացնում. չեն կարող նույն տեղում գտնվել երկու լրիվ տարբեր ուժային կենտրոնների ներկայացուցիչներ։