ԵՐԵՎԱՆ, 1 մարտի – Sputnik․ Երևանի Կոնդ թաղամասի բնակիչները դժգոհ են Երևանի ավագանու որոշումից և համաձայն չեն քաղաքային բյուջե վճարել իրենց սեփականության (քառակուսի մետրով հաշվարկված) կադաստրային արժեքի երկու տոկոսը։
Կոնդեցիների բողոքի ակցիան Երևանի քաղաքապետարանի մոտ
© Sputnik / Aram Nersesyan
Բանն այն է, որ Կոնդում բնակիչները սեփականության իրավունքով իրենց պատկանող տներից բացի զբաղեցրել են նաև հարակից տարածքներ՝ օգտագործելով որպես հողամաս, կառուցելով կից շինություններ և այլն։ Բնակիչներն ասում են, որ 2004 թվականին Երևանի քաղաքապետարանը սխալ ու ոչ լիարժեք չափագրումներ է կատարել։ Մարդիկ փաստաթղթերով զրկվել են իրենց պատկանող նկուղից կամ այլ տարածքներից, քանի որ դրանք ուղղակի սեփականության վկայականում չեն ներառվել։ Տարիներ շարունակ բնակիչները փորձել են կրկին օրինականացնել այդ տարածքները, սակայն դա իրենց չի հաջողվել։ Հիմա քանի որ կայացվել է ամբողջ Կոնդ թաղամասի օտարման վերաբերյալ որոշում, բնակիչները փոխհատուցում ստանալու համար պետք է ունենան իրենց սեփականության օրինական գրանցման վերաբերյալ փաստաթղթեր։
Բնակիչները մատնանշում են 2023-ի դեկտեմբերի 26-ին ավագանու կողմից կայացված թիվ 43 որոշումը, որում կա նաև «հողօգտագործման հիմքերի վերականգնման և սահմանների ճշտման հետ կապված» ձևակերպում։
Կոնդի բնակիչ Նառա Երեմյան
© Sputnik / Aram Nersesyan
«Կոնդում չսահմանազատված տներ չկան, մենք 20 տարի շարունակ պայքարում ենք մեր ունեցածն օրինականացնելու։ Մեզ հող չեն հատկացնում, մեր ունեցածը մեզ պետք է տան։ Կամ ինչի՞ պետք է կոնդեցին վճարի իր սեփականության երկու տոկոսը։ Մեր եղածը մեզ պետք է տան։ Նախկին ղեկավարների օրոք թույլ տրված սխալները պետք է ուղղվեն այսօր, քանի որ ներկայիս քաղաքային իշխանությունները, անկախ քաղաքական ուղղվածությունից, նախկին իշխանությունների իրավահաջորդն են»,–ասաց Կոնդի բնակիչ Նառա Երեմյանը։
Նրա խոսքով` իրենք պատրաստ են ֆիքսված որոշակի գումար վճարել Երևանի բյուջե, բայց ոչ քառակուսի մետրի հաշվարկով, քանի որ իրենց այլ բան են խոստացել։
Բնակիչների խոսքով` Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը մինչև քաղաքապետ դառնալը մի քանի անգամ հանդիպել է իրենց և խոստացել, որ նրանք իրենց ունեցածը կկարողանան սեփականացնել անհատույց։
Կոնդեցիների բողոքի ակցիան Երևանի քաղաքապետարանի մոտ
© Sputnik / Aram Nersesyan
Բնակիչներից մի քանիսին արդեն ծանուցումներ են եկել վճարների համար. բնակիչներից մեկը, օրինակ, պետք է վճարի 1,4 մլն դրամ, մյուսը` 600.000 դրամ և այլն։
Բնակիչները եկել էին քաղաքապետի հետ հանդիպման, սակայն նրանց չընդունեցին` ասելով, որ Տիգրան Ավինյանը կարևոր միջոցառման է։
Բնակիչները հաջորդ քայլով պատրաստվում են դիմել կառավարությանը, եթե իրենց լսող չլինի, կդիմեն դատարան` վիճարկելու Երևանի ավագանու որոշումը։
Հիշեցնենք, որ փետրվարի 26–ին Երևանի ավագանու նիստում քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ հետագայում Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է իրացման և օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար:
Նա նաև նշել էր, որ Կոնդ թաղամասի շենք-շինությունների օրինականացման հետ կապված այս պահին կա 254 դիմում, որոնցից 54-ի մասով կա քաղաքապետի որոշման նախագիծ, իսկ 25-ի վերաբերյալ՝ քաղաքապետի որոշում։ 25 որոշումների մասով 100 հազարից մինչև 650 հազար դրամ վճարի ենթակա գումարներ կան։
Կոնդի վերակառուցման համար մրցույթ է հայտարարվել դեռ 2021-ին։
2023-ին Ավինյանն ասել էր, որ Կոնդի վերակառուցման` «Երևաննախագիծ» ընկերության և Լիոնի քաղաքապետարանի ծրագիրն արդեն գործնական փուլ է մտել։