ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. Մոլդովայի խորհրդարանը այսօրվա նիստում երկրորդ և վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել ԱՊՀ–ի հետ երեք համաձայնագրերը չեղյալ հայտարարելուն։ Համաձայնագրերը վերաբերում են ահաբեկչության դեմ պայքարի գծով ռազմական ուժերին և մարմիններին զենքով և տեխնիկայով ապահովելուն, ինչպես նաև խաղաղությունը պահպանելու համար հավաքական ուժերի ստեղծմանը։ Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է օրենսդիր մարմնի խոսնակ Իգոր Գրոսուն։
«ԱՊՀ–ի հետ համաձայնագրերի չեղարկման նախագիծը հավանության է արժանացել 60 ձայնով երկրորդ ընթերցմամբ», – ասել է Գրոսուն։
Մոլդովայի պաշտպանության նախարարության պետքարտուղար Վալերի Միժան, ով հանդես է եկել համաձայնագրերը չեղյալ հայտարարելու մասին նախաձեռնությամբ, կարծիք է հայտնել, որ պայմանագրերն իրենց անարդյունավետ են դրսևորել։ Նա նշել է, որ Մոլդովան նույն պայմանավորվածություններով երկկողմ համաձայնագրեր ունի ԱՊՀ–ի կազմի մեջ մտնող երկրների հետ։