«Միասին» շարժումն առաջիկայում մարզեր կայցելի, հանդիպումներ կունենա

Հաջորդ հանրահավաքը «Միասին»–ը կանցկացնի մարտի 13-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. «Միասին» շարժումն առաջիկա օրերին հանդիպումներ կունենա մարզերում։ Այս մասին Ազատության հրապարակում «Միասին» շարժման հանրահավաքի ժամանակ ասաց «Միասին» շարժման համակարգող, Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։
«Մի քանի օր, իհարկե, պետք է մարզերում հանդիպումներ ունենանք, դա պարտադիր է։ Հրավերներ ունենք արդեն և՛ Գյումրիից, և՛ մի շարք այլ տեղերից։ Կփորձենք հասկանալ մարզերի տրամադրությունները, կփոխանցենք մեր առաջարկները»,– նշեց Սարգսյանը։
Նա նաև ընդգծեց, որ հաջորդ հանրահավաքը տեղի է ունենալու մարտի 13-ին` ժամը 18։00-ին։ Մինչ այդ լինելու են ակցիաներ, այլ միջոցառումներ։
Ճիշտ կլինի` ժամանակից շուտ հեռանա. «Միասին» շարժումը պահանջում է Փաշինյանի հրաժարականը
Հիշեցնենք, որ նախորդ անգամ «Միասին» ակցիան անցկացվել էր փետրվարի 20-ին։ Հանրահավաքի ընթացքում կազմակերպիչները խորհրդարանում ընդդիմադիր խմբակցություններին առաջարկել էին սկսել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և կառավարությանը անվստահություն հայտնելու գործընթաց:
Հաջորդ քայլը նրանք համարում են ժամանակավոր կառավարություն ձևավորելու անհրաժեշտությունը ՝ գործընթացներից հասկացող մասնագետների մասնակցությամբ, ինչպես նաև խոստացել են ներկայացնել նոր կառավարության ծրագիրը։