Լվովյան փողոցում փաստացի բնակվող 2 ընտանիքի ժամանակավոր բնակության վայր կտրամադրվի

Քաղաքապետարանը որոշել է Նոր Նորքում քանդել ապօրին կառուցված բնակելի 8 տուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի այգում փաստացի բնակվող երկու ընտանիքն էլ կապահովեն ժամանակավոր բնակության վայրով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նոր Նորքի Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու «Վալենսիա» համալիրի միջև ընկած հատվածում ինքնակամ կառուցված բնակելի 8 տների բնակիչները բողոքի ցույց են անում, քանի որ Երևանի քաղաքապետարանն այդ տները քանդելու որոշում է կայացրել։
Բնակիչները պնդում էին, որ եթե քաղաքապետարանը քանդի իրենց տները, նրանք դրսում կմնան։ Իսկ քաղաքապետարանում վստահեցնում են, որ այդ տներից միայն երկուսում են փաստացի բնակվող քաղաքացիներ։