Իշխանությունները Սահմանադրության փոփոխության կգնան ուժի հարկադրանքով. Ավետիք Չալաբյան

Ավետիք Չալաբյանը. Արխիվային լուսանկար
Սահմանադրության փոփոխությամբ կչեղարկվի նաև Անկախության հռչակագիրը, այսինքն` Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագիրը կհանվի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. ՀՀ իշխանությունները սկսել են հրաժարվել Սահմանադրության փոփոխության գաղափարից, քանի որ հասկացել են, որ հակազդեցությունը այնքան մեծ է, որ իրենք շանս չունեն իրականացնելու իրենց գաղափարը։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց «ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող, Ազգային կոմիտեի անդամ Ավետիք Չալաբյանը։
Նա համոզված է, որ ժամանակավոր այս դադարը դեռ չի նշանակում, որ նրանք հետ են կանգնել Սահմանադրության փոփոխության գաղափարից։
«Եթե մենք չպայքարենք դրա դեմ, չի բացառվում, որ նրանք կփորձեն կա՛մ որևէ զարտուղի գտնել դա իրականացնելու համար, կա՛մ, որը ավելի վատ է, ուժի հարկադրանքով դա կանեն»,– ասաց նա։
Չալաբյանը վստահ է, որ Սահմանադրության փոփոխությամբ կչեղարկվի նաև Անկախության հռչակագիրը, այսինքն` Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագիրը կհանվի։
Նա հիշեցրեց` Սահմանադրությունը հանրապետության ծննդյան վկայականն է, եթե դա գոյություն չունենա, ապա գոյություն չի ունենա նաև մեր հանրապետությունը։
«Սահմանադրությունը թերթ չի, հոդված չի, որ ամեն օր փոխես, այն պետք է լինի մաքսիմալ կայուն։ Պետք է Սահմանադրության մեջ փոփոխություններ լինեն ծայրահեղ դեպքում, բայց պետք է ոչ թե ամբողջ Սահմանադրության տրամաբանությունը փոփոխվի և խաղի կանոնները, այլ կոնկրետ այն հոդվածը, որն ապացուցել է իր անկեսունակությունը»,– ասաց Չալաբյանը։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարեց, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, իսկ փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ասաց, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։ Նրա խոսքով` եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի ԼՂ ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, նշանակում է՝ խաղաղություն երբեք էլ չենք ունենա։
Սահմանադրությունը փոխելու ենթատեքստում նա Թուրքիան ու Ադրբեջանը համեմատեց ցլի, իսկ Հայաստանը` կարմիր շորով մարդու հետ։ Ըստ Փաշինյանի` որքան էլ տատիկի գործած շորը թանկ լինի, Հայաստանը պետք է ընտրի` շարունակում է այդ շորը կրել ու տրորվել ցլի ոտքերի տակ, թե պետք է հանի–շպրտի այն ու փրկվի։
Նույն օրը` փետրվարի 1-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։