Իրեն հարգող ժողովուրդը չի կարող հրաժարվել ճշմարտությունից հանուն ոչնչի․ Արտակ Բեգլարյան

Արցախի նախկին պետնախարարը ՀՀ խորհրդարանի նախագահի հայտարարությունը վտանգավոր ու անտրամաբանական է անվանել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik․ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հերթական վտանգավոր ու անտրամաբանական հայտարարությունն է արել։ Իր ֆեյսբուքյան էջում նման որակում է տվել Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը՝ անդրադառնալով փետրվարի 27-ին Սիմոնյանի արած հայտարարությանը։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ Հայաստանը պատրաստ է հրաժարվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված հայցերից միայն այն դեպքում, եթե Ադրբեջանն էլ հրաժարվի։
«Առանց մանրամասն ներկայացնելու, թե որքան անհիմն են ադրբեջանական հայցերը Հայաստանի հանդեպ՝ միայն ասեմ, որ մեր հավաքական ու անհատական իրավունքներից հրաժարվելու հերթական հանձնվողական գործողությունը բերելու է նորանոր ողբերգություններ: Ոչ մի իրեն հարգող ժողովուրդ ու պետություն չի կարող հրաժարվել իր բնական իրավունքներից ու ճշմարտությունից, ընդ որում՝ հանուն ոչնչի և հանուն մի ցեղասպան բռնապետի բավարարման»,- գրել է Բեգլարյանը։
Արցախի նախկին ՄԻՊ-ը վստահ է, որ Ադրբեջանի դեմ հայկական կողմի ներկայացրած հայցերը հաջողությամբ են պսակվելու։ Կարծում է, որ Ալիևը վախենում է դրանից:
Նա շեշտում է՝ ՀՀ իշխանությունները ոչ միայն պետք է զերծ մնան նման գործողություններից, հայտարարություններից ու մտադրություններից, այլև նոր հայցեր պետք է ներկայացվեն Ցեղասպանության կանխարգելման կոնվենցիայի և Հռոմի ստատուտի հիման վրա:
Նշենք, որ Sputnik Արմենիայի հետ զրույցում միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ասել էր, որ ՀՀ քաղաքական ղեկավարներն իրենց հետ չեն քննարկել Ադրբեջանի հետ փոխադարձաբար գանգատներից հրաժարվելու հարցը։ Նա հավելել էր, որ շարունակում են զբաղվել այդ իրավական գործընթացներով, դրանք հիմնավոր են և պետք է շարունակվեն։ Հայաստանն Ադրբեջանի դեմ 4 միջպետական գանգատ է ներկայացրել Եվրոպական դատարան, ևս մեկ գանգատ էլ քննվում է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում: