ՀՀ–ն պատրաստ է դառնալ ԵՄ անդամության թեկնածու. Ալեն Սիմոնյան

ԱԺ նախագահը նշեց, որ ՆԱՏՕ–ի կամ այլ կառույցի հետ կապված քննարկումներ չկան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. Հայաստանը պատրաստ է խորացնել հարաբերությունները Եվրամիության հետ և դառնալ ԵՄ անդամության թեկնածու: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Արդյոք այսպիսով քաղաքական վեկտոր չի՞ փոխվում հարցին, և ինչո՞ւ է նա պարբերաբար այդ փաստը հերքում, ԱԺ նախագահը նշեց, որ չի ուզում այդ հարցում շտապել։
«Չեմ ուզում նաև ստացվի, որ միակողմանի քայլ է արվում։ Իսկ մեր գործողությունները ցույց են տալիս, որ մենք ժողովրդավարության շատ ավելի բարձր ցուցանիշներ ունենք, քան մեր գործընկեր շատ երկներ, որոնք արդեն ԵՄ անդամ են։ Այդ ուղղությամբ մենք պետք է մտածենք, սակայն ես չեմ ուզում շտապել կամ քայլ անել, քանի որ պետության պարագայում կտրուկ շարժումներ անելը լավ չէ»,– ընդգծեց նա։
Սիմոնյանի խոսքով՝ գործող անվտանգության համակարգը, որի մաս է կազմում Հայաստանը, չի գործում, թեև ոչ ոք չի խոսում ռուսական ռազմակայանի դուրսբերման մասին: ՆԱՏՕ–ի կամ այլ կառույցի հետ կապված քննարկումներ չկան։
Զախարովան մեկնաբանել է Ալեն Սիմոնյանի հայտարարությունը ՌԴ սահմանապահների վերաբերյալ
«Մենք պատրաստ ենք և շարժվելու ենք այն ուղղությամբ, որը մեզ կապահովի առավելագույն անվտանգություն։ Այսօր ժողովրդավար երկիր լինելը մեզ համար անվտանգային ամենամեծ համակարգն է։ Մենք փորձում ենք զենք գնել բոլոր հնարավոր վայրերից՝ մեր անվտանգությունը պաշտպանելու համար։ Եթե դա խանգարում է անվտանգության ինչ–որ այլ համակարգի, դա իրենց խնդիրն է, նրանք իրենց պարտավորություններն ակնհայտ է, որ չեն կատարում»,– հայտարարեց Սիմոնյանը։
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՀԱՊԿ–ն չի կատարել իր պարտավորությունները մեր երկրի նկատմամբ, և ՀՀ կառավարությունը հիմա սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին: