ՀՀ–ն ՀԱՊԿ-ից դուրս գալու իրավական որևէ քայլ դեռ չի արել. Ղազախստանի փոխարտգործնախարար

Ռոման Վասիլենկո
Ղազախստանի փոխարտգործնախարարը հայտարարել է, որ իրենք փորձում են ուժեղացնել ՀԱՊԿ–ը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. Չնայած Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը` Ղազախստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու իրավական որևէ քայլ դեռ չի տեսնում պաշտոնական Երևանի կողմից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ղազախստանի փոխարտգործնախարար Ռոման Վասիլենկոն։
«Մենք հայտարարություններ ենք տեսնում ՀԱՊԿ–ում մասնակցությունը դե ֆակտո դադարեցնելու վերաբերյալ։ Որքան տեղյակ եմ, Հայաստանը ՀԱՊԿ–ում իր անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ որևէ իրավական գործողություն չի ձեռնարկել։ Այսինքն` դե յուրե Հայաստանն իր անդամակցությունը ՀԱՊԿ–ում չի դադարեցրել», – ասել է փոխարտգործնախարարը։
Նա նշել է, որ Ղազախստանի իշխանություններն աշխատում են Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ուժեղացման ուղղությամբ։
«Հիմա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը Ղազախստանի ներկայացուցիչն է։
Ղազախստանը փորձում է ուժեղացնել ՀԱՊԿ–ը, որը, ըստ մեզ, շատ կարևոր կազմակերպություն է անվտանգության ոլորտում, շատ կարևոր դեր է խաղացել, խաղում և խաղալու Ղազախստանի Հանրապետության անվտանգության համար», – ասել է Վասիլենկոն` պատասխանելով լրագրողների հարցերին։
Հիշեցնենք` փետրվարի 23-ին հայտնի դարձավ, որ ՀՀ վարչապետը «France24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է` Հայաստանի նկատմամբ Հավաքական անվտանգության պայմանագիրը չի կատարվել, ուստի Երևանը սառեցրել է իր մասնակցությունը կազմակերպությանը (ՀԱՊԿ):
Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց, որ Ռուսաստանը երկկողմ խողովակներով սպառիչ պարզաբանումներ է ակնկալում Հայաստանից, թե ինչ են նշանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) Երևանի մասնակցության սառեցման մասին:
Նշենք, որ Հայաստանի իշխանությունը բազմիցս մեղադրել է ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին իրենց պարտավորությունները չկատարելու մեջ։ Հունվարին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Հայաստանն այլևս որևէ ակնկալիք չունի ՀԱՊԿ–ից, քանի որ համարժեք արձագանք չի ստացել 2022 թվականի սեպտեմբերյան լայնամասշտաբ հարձակումների ժամանակ։ 2023 թվականի նոյեմբերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց մասնակցել Մինսկում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին։