ՀՀ–ից պատվիրակություն կգործուղվի ՌԴ` մասնակցելու Նիկոլայ Ռիժկովի հուղարկավորությանը

Նիկոլայ Ռիժկով
Պատվիրակությունը կգլխավորի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. Հայաստանի ազգային հերոս, ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախկին նախագահ Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ սգո արարողություններին մասնակցելու նպատակով ՀՀ–ից պատվիրակություն կգործուղվի Մոսկվա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումը հրապարակվել է e-gov.am հարթակում։
Պատվիրակությունը ՌԴ–ում կլինի փետրվարի 29-ից մարտի 1-ը։
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, ՀՀ ազգային ժողովի պատգամավորներ Վահե Ղալումյանը, Դավիթ Առուշանյանը, Շիրակ Թորոսյանն ու Միքայել Թումասյանը, ՀՀ Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը և ՀՀ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։
Նրանց կմիանա նաև Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը։
Հիշեցնենք` ռուս պետական գործիչ Նիկոլայ Ռիժկովը մահացել է փետրվարի 28-ին։ Նա ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի վերջին նախագահն էր (1985-1991)։
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Պուտինին Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ