ՀՀ կառավարությունը եզակի որոշում է կայացրել Խաչիկ գյուղի բնակիչների համար

ՀՀ կառավարությունը որոշեց պետական բյուջեից 65,7 մլն դրամ հատկացնել Խաչիկ գյուղի այն բնակիչներին, որոնք երաշխավոր են դարձել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօր եզակի որոշում է կայացրել Խաչիկ գյուղի բնակիչների համար։ Այդ մասին նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղում երկու անձ վարկ են վերցրել, ու գյուղի ամբողջ բնակչությանը դարձրել վարկի երաշխավորներ։
«Վարկերը չեն փակել ու ամբողջ գյուղը հայտնվել է սև ցուցակում, չեն կարողանում էլ վարկ վերցնել»,– ասաց նա։
Այս փաստով անգամ քրեական գործ է հարուցվել։ ՀՀ կառավարությունը որոշեց պետական բյուջեից 65,7 մլն դրամ հատկացնել Խաչիկ գյուղի այն բնակիչներին, որոնք երաշխավոր են դարձել։
«Նրանց վարկային պատմությունները կզրոյացվեն, բացի այդ երկու քաղաքացիներից»,– ընդգծեց Փաշինյանը։
Իմացե՛ք՝ ինչի եք գնում. ԱԺ–ն քննարկել է վարկային երաշխավորների մասին օրինագիծը
Նա բոլոր քաղաքացիներին կոչ արեց այլևս նման պատմությունների մեջ չընկնել, քանի որ միայն այս դեպքում է կառավարությունը բացառություն արել, քաղաքական որոշում կայացրել ու մեկանգամյա լուծման գնացել։
ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ Հովհաննես Խաչատրյանն իր հերթին նծշեց, որ 77 մարդու մասին է խոսքը։
«Վարկային երկու կազմակերպություններ կներեն տոկոսների, դատական ծախսերի ու տուգանքների մնացած մասերը` ընդհանուր 50 մլն դրամ, սակայն վարկային պատմությունները չեն ջնջվի, այլ ուղղակի կերևա, որ նրանց ֆինանսական պարտավորությունները զրոյացվել են»,– տեղեկացրեց նա։
ԿԲ փոխնախագահը վստահեցրեց` հատուկ կնշվի, որ այդ մարդիկ եղել են զեղծարարության զոհ։
Մարդը փող չունի, պետությունը վարկ է տալիս. սահմանամերձ գյուղերում սխալ գործիք է կիրառվում