Հայաստանում մարտի 1–ից 470 անուն դեղ կվաճառվի միայն էլեկտրոնային դեղատոմսերով

2025 թ–ի հունվարի 1–ից արդեն էլեկտրոնային տարբերակով կվաճառվի 2 566 անուն դեղ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. ՀՀ–ում մարտի 1–ից 470 անուն դեղ կվաճառվի էլեկտրոնային դեղատոմսերով։ Որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Ի՞նչ դեղեր հնարավոր չի լինի մարտից գնել ՀՀ-ում առանց դեղատոմսի. պարզաբանում է փոխնախարարը
ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը նշեց, որ էլեկտրոնային դեղատոմսերում ներառվում են հակաբիոտիկային, հակասնկային, հակամիկրոբակտերային, հակավիրուսային դեղերը, իմունային շիճուկները, իմունոգլոբոլինները, պատվաստանյութերը և միզապրաստոլ պարունակող դեղերը։
«Այս որոշման արդյունքում կնազեն ինքնաբուժության դեպքերը, կտրամադրվի որակյալ, արդյունավետ ու նպատակային բժշկական օգնություն, բուժհիմնարկներում ավելորդ հերթեր չեն լինի։ Այսպիսով, հնարավոր կլինի վերահսկել ու կանոնակարգել նաև դեղի և բուժառուի հետագծելիությունը»,– ասաց փոխնախարարը։
Նա ավելացրեց, որ այս ծրագրի պիլոտային տարբերակը փուլ առ փուլ իրականացվել է 2022 թ հուլիսի 22–ից և ներառել 12 հիվանդության համար 75 անուն դեղ, իսկ վեց ամիս առաջ ընդգրկվել է նաև անվճար ու ատոնյալ պայմաններով դեղորայքը։
ՀՀ պոլիկլինիկաներում 9 ամսում դուրս է գրվել ավելի քան 800.000 էլեկտրոնային դեղատոմս
Այս նախագծով վաղվանից էլեկտրոնային դեղատոմսերով կվաճառվի 470 անուն դեղ, որից 375–ը անվճար և արտոնյալ պայմաններով դեղերն են։ Այսպիսով, էլեկտրոնային դեղատոմսերի համակարգում կներառվի ՀՀ–ում գրանցված դեղերի 20 տոկոսը։ ՀՀ–ում ընդհանուր առմամբ կա գրանցված 3 370 անուն դեղ։
2025 թ–իհունվարի 1–ից արդեն էլեկտրոնային տարբերակով կվաճառվի 2 566 անվանում դեղ։ Մնացածը դեղերը ազատ կվաճառվեն, քանի որ ներառված չեն պարտադիր դեղատոմսով դուրս գրելու ցանկում։