ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. Հայաստանը և Իրաքը քննարկում են միմյանց հետո վիզային ռեժիմի վերացման հարցը։ Այս մասին Բաղդադի համալսարանում դասախոսություն կարդալուց հետո ասաց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, որը Իրաքում է պաշտոնական այցով, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
ՀՀ նախագահը շեշտեց, որ վերջին տարիներին շատ ակտիվացել են երկու երկրների դեսպանատների միջև աշխատանքները, չնայած` դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են դեռ 1992 թվականից։
«Հարցը քննարկվում է։ Մեզ համար շատ կարևոր է, որպեսզի մենք լիարժեք ազատություն տանք, որպեսզի երկու երկրի քաղաքացիներն էլ ցանկացած պահի կարողանան այցելել միմյանց։ Փոքրիկ խոչընդոտ կա։ Հույս ունեմ, որ մոտ ժամանակներս այդ խնդրի լուծում կգտնենք։ Քաղաքական մակարդակում որևէ խնդիր չկա, միայն տեխնիկական է»,– նշեց Խաչատուրյանը։
Նա նաև ընդգծեց, որ այցը շատ կարևոր է Հայաստանի համար, քանի որ առաջին անգամ է, որ ՀՀ նախագահը կամ բարձրաստիճան պաշտոնյան Իրաք է այցելում։
«Մենք համագործակցության մեծ հնարավորություն ունենք ու պարտավոր ենք դա օգտագործել։ Մեր քննարկումները հենց այդ շրջանակներում են եղել։ Հայաստանի համար շատ կարևոր է այս տարածաշրջանը, քանի որ պատմականորեն մենք այս տարածաշրջանի մաս ենք եղել»,– նշել է նախագահը։
Իրաք կատարած պաշտոնական այցի շրջանակներում Խաչատուրյանը խոսել է տարածաշրջանային իրողությունների, Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր խաղաղության պայմանագրի մասին։
«Մի կարևոր սկզբունք կա` հարևանների հետ պետք է խաղաղ ապրես։ Կենցաղում էլ է այդպես։ Ո՛չ հայերն են այլ տեղ ուզում ապրել, ո՛չ էլ ադրբեջանցիները։ Ըստ էության, մենք այժմ միջնորդների միջոցով ենք խոսում։ Երկու կողմից էլ տասնյակ հազարավոր զոհեր կան, հազարավոր զինյալներ էլ անհետ կորած են, տարածքային որոշակի խնդիրներ։ Վստահ ենք` ցանկության դեպքում բոլոր հարցերը լուծելի են։ Հիմա մենք այդ ճանապարհին ենք, սեղանին խաղաղության փաստաթուղթ կա ու փորձում ենք ընդհանուր համաձայնության գալ»,– ասաց Խաչատուրյանը։
Հիշեցնենք, որ Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ռաշիդն էլ պատմական այց էր կատարել Հայաստան 2023 թվականի նոյեմբերի 22-ին։