ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. Էդմոն Մարուքյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել։ Այս մասին նա հայտնել է «Ֆեյսբուքի» իր էջում։
«Մեր պետության և տարածաշրջանի համար ստեղծված բարդ ժամանակաշրջանում բարձր պատասխանատվությամբ ստանձնել և մեծ նվիրումով իրականացրել եմ այս առաքելությունը: Վերջին շրջանում մի շարք արտաքին քաղաքական հիմնարար հարցերի շուրջ մեր տեսլականների տարբերություններն անհնարին են դարձնում իմ հետագա ներգրավվածությունը արտաքին քաղաքական ճակատում»,– գրել է Մարուքյանը։
Նա վստահեցրել է, որ շարունակելու է ծառայել պետությանն ու ժողովրդին և իր գիտելիքներն ու փորձը, ինչպես նաև միջազգային կապերը ներդնել Հայաստանի Հանրապետության ազգային-պետական շահերի պաշտպանության գործին:
Հիշեցնենք, որ Էդմոն Մարուքյանն այս պաշտոնում նշանակվել է 2022 թվականի մարտի 14-ին։