Արսեն Ջուլֆալակյանը չի հաղթահարել օլիմպիական վարկանիշային արգելքը

36-ամյա Արսեն Ջուլֆալակյանը Փարիզի օլիմպիական ուղեգիր վաստակելու ևս մեկ հնարավորություն ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի - Sputnik. Հայ անվանի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, որը վերջերս է փոխել սպորտային քաղաքացիությունը և ներկայացնում է Արգենտինան, մասնակցել է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Փարիզի օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարին Պանամերիկյան որակավորման մրցումներում։
Լոնդոնի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը, Եվրոպայի և աշխարհի նախկին չեմպիոն մրցումները քառորդ եզրափակիչում 2։4 հաշվով պարտվել է ամերիկացի Ամիեր Բեյ Կամալին ու դուրս մնացել հետագա պայքարից։ Մեքսիկական Ակապուլկո քաղաքում անցկացվող վարկանիշային մրցաշարում օլիմպիական վարկանիշ տրվում էր եզրափակիչ դուրս եկած ըմբիշներին։
Մանվել Խաչատրյանը ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հաղթեց թուրք մրցակցին
36-ամյա Արսեն Ջուլֆալակյանը Փարիզի օլիմպիական ուղեգիր վաստակելու ևս մեկ հնարավորություն ունի մայիսի 9-ին Ստամբուլում անցկացվելիք վարկանիշային մրցաշարում։
Հիշեցնենք, որ Արսենը հանդես է գալիս 77 կգ քաշային կարգում, իսկ այս պահին Հայաստանի հավաքականի կազմում այդ քաշային կարգում հանդես է գալիս Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը։