Տուգանքների մեղմացման որոշումը կայացել է` հաշվի առնելով նաև որոշ օբյեկտիվ խնդիրներ.Մարանդյան

Sputnik
Ազգային ժողովը երեկ ամբողջությամբ ընդունել է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի և կից օրինագծերի փաթեթը, համաձայն որոնց՝ մայիսի 1-ից կարգազանց վարորդների համար տուգանքների չափերի որոշակի մեղմացումներ են նախատեսվում։
Ըստ փոփոխությունների հեղինակների՝ դրանք միտված են ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանն ու քաղաքացիների՝ ավելի օրինապահ վարքագծի դրսևորմանը:
Բոնուսային համակարգ` 20 տոկոս զեղչ կկիրառվի, եթե տեսալուսանկարահանող սարքերի խախտումների ծանուցումը վարորդը ստանա էլեկտրոնային եղանակով։
Մինչ օրենքի ուժի մեջ մտնելը կատարված խախտումների դեպքում, եթե վարորդը մուծում է տուգանքի 50 տոկոսը ու եթե գործը նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում է, այսինքն` կատարողական ծախսը ներառյալ, ապա այս դեպքում վճարման պարտավորությունն ամբողջովին կհամարվի կատարված։
Փոփոխություն է կատարվել նաև երկրորդ գծում կանգառ կամ կայանում կատարելու դեպքում նախատեսվող բալային միավորի համար, 0.5-ի փոխարեն իրավախախտ վարորդից կհանվի 0.25 միավոր։
Ներքին գործերի նախարարության իրավաբանական վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռուսլան Մարանդյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է, որ այդ փոփոխություններն արվել են հաշվի առնելով նաև որոշ օբյեկտիվ խնդիրներ։