3 մլն դոլար դրամաշնորհ կտրվի ՀՀ գյուղերում պարենային անվտանգությունը բարելավելու համար

Կառավարության նիստ. Արխիվային լուսանկար
Ծրագիրը կիրականացվի ՀՀ երկու մարզերում՝ Շիրակ և Տավուշ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 փետրվարի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հավանություն տվեց ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև «Կլիմայական փոփոխություններին հարմարեցվող պարենային անվտանգության բարձրացման ծրագիր» դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Նշվում է, որ «Բարգավաճ և դիմակայուն Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ճապոնական հիմնադրամի» (JFPR) կողմից առաջարկվող այս 3 մլն դոլարի դրամաշնորհը կաջակցի ՀՀ կառավարությանը՝ բարձրացնելու գյուղատնտեսական կենսամիջոցների ճկունությունը և բարելավելու պարենային անվտանգությունը գյուղական վայրերում, որոնք խիստ խոցելի են կլիմայի փոփոխության ազդեցության նկատմամբ:
Ծրագիրը կիրականացվի ՀՀ երկու մարզերում՝ Շիրակ և Տավուշ, որտեղ փոքր ֆերմերները բախվում են աղքատության բարձր մակարդակի, պարենային անապահովության և կլիմայական ռիսկերի հետ:
«10 գյուղի կտրամադրվեն կլիմայադիմացկուն էներգետիկ լուծումներ՝ նվազեցնելու էներգիայի ծախսերը, կգնվեն փոքր մասշտաբի արևային ֆոտովոլտային կայաններ, կստեղծվեն շրջանառու ֆոնդեր, որտեղ արևային ՖՎ կայաններից ստացվող էներգիայի խնայողությունները կներդրվեն գյուղատնտեսական տարբեր ենթածրագրերում»,– նշված է որոշման նախագծի մեջ։
Ծրագրին կարող են մասնակցել հետևյալ չափորոշիչներին համապատասխանող գյուղական տնտեսությունները` մեկ վաստակող ունեցող տնային տնտեսությունը, կնոջ գլխավորությամբ տնային տնտեսությունը, մինչև 18 տարեկան չորս և ավելի երեխաներ ունեցող և հաշմանդամ անձինք ունեցող տնային տնտեսությունները։
ՀՀ ֆիննախը 2 մլն դոլար դրամաշնորհ կստանա Կայունության և զարգացման եվրասիական հիմնադրամից