Որքա՞ն պետք է վճարեն Կոնդի բնակիչները սեփականության վկայականի համար. պարզաբանում

Կոնդ
Կոնդեցիներին փոխհատուցելու հստակ չափը հասկանալու համար պետք է վերացվեն սեփականության հետ կապված վիճահարույց խնդիրները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Երևանի Կոնդ թաղամասի բնակիչներն իրենց տների սահմանների ճշգրտման և հողհատկացման հիմքերի վերականգման աշխատանքներից հետո սեփականության նոր վկայական ստանալու համար պետք է վճարեն սահմանված կադաստրային արժեքի 2 տոկոսը։ Ֆեյսբուքյան էջում այս մասին գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։
Նշենք, որ փետրվարի 25-ին Երևանի քաղաքապետարանում կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշվեց, որ կադաստրային արժեք է համարվելու 139 000 և 214 000 դրամը` ըստ գոտիավորման։
Կոստանյանը պարզաբանել է` եթե քաղաքացին ունի 50 քմ-ի սեփականության վկայական, բայց սահմանների ճշգրտումից հետո փաստացի ունենում է 100 քմ-ի սեփականության վկայական, պետք է վճարում կատարի հետևյալ կերպ.
Կադաստրային գոտիով սահմանված 139 000 դրամի դեպքում 139 000-ի 2%-ը կազմում է 2780 դրամ: Այս թիվը պետք է բազմապատկել սեփականության վկայականում նշված քմ-ի թվին: Պայմանական 100 քմ-ի դեպքում ստացվում է, որ քաղաքացին վճարելու է 278 000 դրամ տեղական տուրք:
Կադաստրային գոտիով սահմանված 214 000 դրամի դեպքում 214 000-ի 2% կազմում է 4280 դրամ: Այս թիվը պետք է բազմապատկել սեփականության վկայականում նշված քմ-ի թվին: Պայմանական 100 քմ-ի դեպքում ստացվում է, որ քաղաքացին վճարելու է 428 000 դրամ տեղական տուրք:
Կոստանյանը շեշտել է, որ գործակարգավարական խորհրդակցության ժամանակ նշված գումարները չեն վերաբերում ապագայում Կոնդի բնակիչների գույքային փոխհատուցման չափին։
Հիշեցնենք, որ Կոնդի վերակառուցման համար մրցույթ է հայտարարվել դեռ 2021-ին։
Փետրվարի 26-ին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ հետագայում Կոնդ թաղամասն ամբողջ ծավալով գնալու է իրացման և օտարման՝ նոր քաղաքաշինական ծրագիր իրականացնելու համար: