Ստվերային քայլեր են արվում բնական գազից ՀՀ կախվածությունը պահելու համար. ՔՊ պատգամավոր

ՀԾԿՀ նախագահի թեկնածուի խոսքով` արևային ինքնավար էներգաարտադրության կայանների հզորությունը ՀՀ–ում 5 տարվա ընթացքում աճել է 135 անգամ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Գարեգին Բաղրամյանն արդեն 2–րդ անգամ առաջադրվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնում։ ՀՀ Ազգային ժողովում նրա թեկնածությունը ներկայացրեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Բաղրամյանն այս պաշտոնում առաջադրվում է արդեն 2–րդ անգամ. ՀԾԿՀ նախագահի պաշտոնը նա զբաղեցնում 2019 թվականից:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը, նրան հարց ուղղելով, հետաքրքրվեց` կոնկրետ ի՞նչ քայլեր է ՀԾԿՀ–ն ձեռնարկում ՀՀ կախվածությունը բնական գազից նվազեցնելու ուղղությամբ։
«Հանրության մեջ կան անհանգստություններ, որ ստվերային քայլեր են իրականացվում, որպեսզի բնական գազից կախվածությունը պահվի հնարավորինս բարձր մակարդակի վրա»,– վստահեցրեց նա։
Գարեգին Բաղրամյանի համար նման տեսակետը տարօրինակ էր. նա նշեց, որ ընդհակառակը` վերջին տարիներին ՀՀ կառավարության հետ համատեղ իրականացնում են ռազմավարական նշանակության մի ծրագիր արևային էներգիետիկայի ուղղությամբ, որն էականորեն ավելացնում է մեր երկրի անկախությունը, նվազեցնում կախվածությունը մատակարարվող գազից։
«Արդեն 375 ՄՎտ թիրախը մենք գերազանցել ենք։ Եթե պետություն–մասնավոր համագործակցության արդյունքում կառուցվեն Մասրիկ, Մասդար արևային կայանները, կունենանք 410 ՄՎտ։ Ինքնավար էներգաարտադրությունը նույնպես մեր ներտնային տնտեսություններին, իրավաբական անձանց թույլ է տալիս կախվածությունը նվազեցնել ինչպես գազի ծախսից, այնպես էլ կրճատել էլեկտրաէներգիայի ծախսը»,– հայտարարեց Բաղրամյանը։
Ըստ նրա` արևային ինքնավար էներգաարտադրության կայանների հզորությունը 5 տարվա ընթացքում 135 անգամ աճել է. այսօր ՀՀ–ում կան 270 ՄՎտ-ի ինքնավար էներգաարտադրողներ։
Բաղրամյանի խոսքով` այս ուղղությամբ քայլերը դեռ շարունակվում են։