ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՔՊ–ի գրասենյակի և ՔՊ–ական պատգամավորին պատկանող տարածքի մոտ տեղադրված ռումբի մասին ահազանգից առաջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմակիցները ստացել են սպառնալիքներով sms-ներ։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը փետրվարի 26-ին` ժամը 13:40-ի սահմաններում, ահազանգ է ստացել, որ Գյուլբենկյան 30/3 շենքի բակում ռումբ է դրված, և այն պայթելու է: Այդ տարածքում է գտնվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակներից մեկը։ Իսկ փետրվարի 22-ին էլ պայթուցիկ սարքի նմանվող առարկա էր հայտնաբերվել Երևանի Գյուլբենկյան 33 հասցում։ Այդ հասցեում գտնվող տարածքը պատկանում է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանին:
Օրաթերթի հետ զրույցում Գուրգեն Արսենյանը հաստատել է, որ ինքն ու ՀՀ պետական վերահսկողության ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ստացել են հաղորդագրություններ, որտեղ գրված է եղել` «դեռ չեք պայթել ...»։
Արսենյանը ջնջել է հաղորդագրությունը, իսկ Պետրոսյանն այն ուղարկել է ԱԱԾ։
Ըստ պարբերականի` երկու շաբաթ առաջ միջադեպ է տեղի ունեցել նաև իշխող կուսակցության մեկ այլ պատգամավորի ՝ Գագիկ Մելքոնյանի հետ. նրա տան պարսպի մոտ ռումբ է տեղադրվել, ոչ ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, որը, սակայն, նյութական վնաս է հասցրել։