Լարված իրավիճակ Նաիրի Զարյանի անվան դպրոցում. ծնողները պահանջում են տնօրենի հրաժարականը

Այս պահին դպրոցի անվտանգության աշխատակիցները դռները ներսից փակել են ու թույլ չեն տալիս լրագրողներին մտնել դպրոց և հարցեր ուղղել տնօրենին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Երևանի Նաիրի Զարյանի անվան թիվ 130 դպրոցում իրավիճակը լարված է։ Աշակերտների ծնողները ստորագրահավաք են անցկացնում տնօրեն Նվարդ Հովսեփյանի դեմ` Երևանի քաղաքապետարանից պահանջելով նրան հեռացնել պաշտոնից։ Նշենք, որ դպրոցում առավոտյան երեխաները դասադուլ են անցկացրել ի պաշտպանություն այն ուսուցիչների, որոնք ուզում են ազատվել աշխատանքից տնօրենի պատճառով։
Sputnik Արմենիայի հետ զրույցում ստորագրահավաքին մասնակցած ծնողների նշեցին, որ այժմ տնօրենի սեղանին դրված է լավագույն ուսուցիչների հեռացման հարցը։
Խոսակցություններ են պտտվում, որ դպրոցում կոռուպցիոն սկանդալ է բացահայտվել, տնօրենը յուրացրել է խմբակների համար հատկացված գումարները և փոխտնօրեններից պահանջել այնպես անել, որ աշակերտներն ու ծնողները չխոսեն չկայացած պարապմունքների մասին։ Դպրոցի երեք փոխտնօրենները` Գայանե Գևորգյանը, Ալիսա Մանուկյանն ու Դիանա Գևորգյանը, ազատման դիմում են գրել՝ հրաժարվելով կատարել տնօրենի պահանջը։

«Դպրոցի 3 փոխտնօրենները, ուսուցիչներն ազատվում են աշխատանքից, ուզում ենք իմանալ` ինչն է խնդիրը, գուցե մենք էլ մեր երեխաների՞ն տանենք այս դպրոցից։ Անգլերենի լավագույն մասնագետները դուրս են եկել, 1,5 տարվա մեջ 29 ուսուցիչ դիմում է գրել ու դուրս եկել դպրոցից, նրանց փոխարինողներ չկան»,–ասաց ծնողներից մեկը։

Ծնողները պնդում են, որ դպրոցը տարիներ շարունակ բարի համբավ է ձեռք բերել իր անվանի ուսուցիչների շնորհիվ, որոնց մեծ մասն այժմ դպրոցում չի աշխատում կամ ցանկանում է ազատման դիմում գրել։
«Մենք Դավիթաշենից եկել ենք այս դպրոց հենց այդ համբավի համար։ Եթե այսպես շարունակվի, ծնողներն ուղղակի իրենց երեխաներին կտեղափոխեն մեկ այլ դպրոց։ Մենք պահանջում ենք, որ դպրոցի տնօրենը դուրս գա, քանի որ նա առանց այդ ուսուցիների չի կարող աշակերտներին կրթել»,–ասաց մեկ այլ ծնող։
Ըստ ծնողների` վերջին երկու ամսում դպրոցում պարբերաբար ստուգումներ են անցկացվում։ Դա է պատճառը, որ ծնողներին անգամ թույլ չեն տալիս ծնողական ժողով անցկացնել։
Փաստն այն է, որ դպրոցում խախտումներ են հայտնաբերվել, ինչի համար էլ փոխտնօրեններն ուզում են ազատվել աշխատանքից։
Պահանջում ենք հայոց լեզվի և պատմության ավելի բարձր մակարդակի ուսուցում. ԵՊՀ–ում դասադուլ է
Դպրոցի անվտանգության աշխատակիցները դռները ներսից փակել են ու թույլ չեն տալիս լրագրողներին մտնել դպրոց և հարցեր ուղղել տնօրենին։
Ըստ լուրերի` այս պահին Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները տնօրենի աշխատասենյակում են։
Հավելենք, որ մեզ մինչ այս պահը մեզ չի հաջողվել մեկնաբանություն ստանալ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունից։ Քաղաքապետարանից խոստացել են մեր հարցերին պատասխանել քիչ ավելի ուշ։