ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Հայաստանի ազգային հերոս, ռուսաստանցի հայտնի պետական գործիչ Նիկոլայ Ռիժկովի մահվան կապակցությամբ։
«Նիկոլայ Ռիժկովի անունն ու բարի գործերը հավերժ կմնան Հայաստանի պատմության մեջ: Մեր երկրում և նրա սահմաններից դուրս լավ են հիշում նրա մեծ ներդրումը 1988 թ. Սպիտակի երկրաշարժի գոտում փրկարարական և վերականգնողական աշխատանքների կազմակերպման գործում: Նիկոլայ Ռիժկովն իրավամբ վաստակել էր հայ ժողովրդի սերը, հարգանքն ու երախտագիտությունը։ Պատահական չէ, որ նրան շնորհվել է Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչում»,– նշել է Սարգսյանը:
Հիշեցնենք` ռուս պետական գործիչ Նիկոլայ Ռիժկովը մահացել է այսօր` փետրվարի 28-ին, 94 տարեկանում։ Նա ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի վերջին նախագահն էր (1985-1991)։