ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Հայաստանի զինված ուժերում արդեն ավելի քան 2800 մարդ է ատեստավորում անցել։ ՀՀ պաշտպանության փոխնախարար Կարեն Բրուտյանն այս մասին հայտնեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում:
Ատեստավորում անցնելու հայտ է ներկայացրել 5908 զինծառայող, մասնակցել է 5783 զինծառայող, որոնցից 2826-ը հաջողությամբ անցել են այն։
Պաշտոնյայի խոսքով` փետրվարի 29-ին նախատեսվում է 980 զինվորականի ատեստավորում, ևս 628–ը ատեստավորում կանցնեն մարտի 4-7-ը:
Բանակում ատեստավորման ծրագիրը ներդրվել է 2022 թվականի վերջին, փաստացի սկսվել է նախորդ տարվա կեսերին։ Զինվորականները քննություններ են հանձնում ֆիզիկական, կրակային և մասնագիտական պատրաստություն առարկաներից։ Ատեստավորումը հաջողությամբ անցնելուց հետո նրանց աշխատավարձը զգալի ավելանում է։
Գաղափարի հեղինակների կարծիքով՝ փոփոխությունները մի կողմից թույլ կտան բարձրացնել զինվորականների գիտելիքների մակարդակը, մյուս կողմից կլուծեն նրանց սոցիալական խնդիրները։ Արդյունքը կլինի այն, որ կունենանք ժամանակակից բանակ և բարձր վարձատրվող զինվորականներ։