ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. Հանրաքվեից առաջ նոր Սահմանադրության տեքստը չի կարող քննության առարկա դառնալ Սահմանադրական դատարանում։ ՀՀ Ազգային ժողովում այս մասին ասաց ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանը` պատասխանելով պատգամավորների հարցերին։
«Բարձր դատարանում կարող են քննվել միայն սահմանադրական փոփոխությունները»,– ասաց նա։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը Բալայանից հետաքրքրվեց` այդ դեպքում ո՞վ պետք է իրավական գնահատական տա այդ տեքստին, որը ներկայացվելու է հանրաքվեի։
Բալայանը պարզաբանեց` ՀՀ իշխանությունները պետք է հանձնաժողով ստեղծեն, մասնագիտական հանրույթից էլ ներգրավեն համապատասխան գիտելիքներով օժտված անձանց, որոնք այդ տեքստը կկազմեն։
«ՍԴ դատավորն իրավունք չունի մասնակցելու այդ տեքստի մշակմանը, որը նաև Սահմանադրությամբ է արգելված»,– ընդգծեց նա։
Նշենք, որ 2024 թ. հունվարի 4–ին դադարեցվել են ՍԴ դատավոր Արայիկ Թունյանի լիազորությունները, ՍԴ նախագահը դիմել է Վճռաբեկ դատարանի նախագահին` դատավորների ընդհանուր ժողովի կողմից ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու համար։
2024 թ. փետրվարի 2–ին հրավիրվել է դատավորների ընդհանուր ժողով, որին ՀՀ–ում գործող 314 դատավորներից մասնակցել են 283–ը։ Արդյունքում առաջադրվել է երեք թեկնածու` Դավիթ Խաչատուրյանը, Արմեն Ներսիսյանը և Դավիթ Բալայանը։
Փակ քվեարկության արդյունքում ՍԴ դատավորի թեկնածու է ընտրվել Երևանի 1–ին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանը։ Նա
ՍԴ նախկին դատավոր Կիմ Բալայանի որդին է։
Հիշեցնենք` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին հայտարարեց, թե Հայաստանը նոր Սահմանադրության կարիք ունի, իսկ փետրվարի 1-ին Հանրային ռադիոյի եթերում ասաց, որ հարկավոր է կարգավորել հռչակագրի հետ մեր հարաբերությունները։ Նրա խոսքով` եթե մեր պետական քաղաքականության հիմքում դրվի ԼՂ ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի որոշումը Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման մասին, նշանակում է՝ խաղաղություն երբեք էլ չենք ունենա։
Սահմանադրությունը փոխելու ենթատեքստում նա Թուրքիան ու Ադրբեջանը համեմատեց ցլի, իսկ Հայաստանը` կարմիր շորով մարդու հետ։ Ըստ Փաշինյանի` որքան էլ տատիկի գործած շորը թանկ լինի, Հայաստանը պետք է ընտրի` շարունակում է այդ շորը կրել ու տրորվել ցլի ոտքերի տակ, թե պետք է հանի–շպրտի այն ու փրկվի։
Նույն օրը` փետրվարի 1-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, որ Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել միայն Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելուց հետո։