ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի – Sputnik. «Գոլդ» պետհամարանիշներից 7-ն արդեն վաճառվել է ընդհանուր 156 միլիոն 200 հազար դրամով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
«Աճուրդին մասնակցել է 10 անձ, իսկ ներկայացված հաշվառման առանձնահատուկ պահանջարկ ունեցող 48 համարանիշներից վաճառվել է 7-ը։ Լոտի օգտագործման իրավունքի ձեռք բերման արժեքը նշված 7 համարանիշներով կազմել է 156.200.000 դրամ»,- գրել է Սարգսյանը։
Նշենք, որ էլեկտրոնային աճուրդն արդեն ավարտվել է։ Աճուրդը հայտարարվել էր փետրվարի 23-ին՝ ժամը 12։00-ին, ավարտվել փետրվարի 28-ին՝ 12։52-ին։
«Թեմայի շուրջ՝ այսքանը»,- եզրափակել է ՆԳՆ խոսնակը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ աղմուկ էր բարձրացել, թե 00oo000 հաշվառման համարանիշը ձեռք է բերվել 121.000.000 դրամով կամ 300.000 դոլարով։ ՆԳՆ խոսնակը հերքեց այդ լուրը` շեշտելով, որ տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում, էլեկտրոնային աճուրդը շարունակվում է։