Երևանում «Hummer» և «Mitsubishi» են այրվել. կա տուժած

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։10-ին, մարվել՝ 05։35-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 փետրվարի - Sputnik. Այսօր ժամը 04:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Նորագավթի 7-րդ փողոցում այրվում են ավտոմեքենաներ, տեղեկացնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է կայանած «Hummer» և «Mitsubishi» մակնիշների ավտոմեքենաներում. առկա է գազի արտահոսք:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ քաղաքացի Ա. Հ.-ն ստացել է ստորին վերջույթի այրվածք, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։10-ին, մարվել՝ 05։35-ին։ Մասամբ այրվել են ավտոմեքենաների շարժիչների հատվածները, սրահները և անվադողերը։